Search
Close this search box.

«Հայ Ազգային Կոնգրես». «Յունիս 12-ին ոստիկանութեան կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքները ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմէկեան nղբերգnւթիւնից յետոյ» 

Յունիս 14-ին, «Հայ Ազգային Կոնգրես»-ը հրապարակած է ստորեւ տրուած յայտարարութիւնը.

«2024 թուականի Յունիս 12-ին Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ եւ այլ յատուկ միջոցներ են կիրառել «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումի ցոյցի մասնակիցների նկատմամբ, որի հետեւանքով, ըստ Առողջապահութեան նախարարութեան տուեալների, թեթեւ եւ միջին ծանրութեան մարմնական վնասուածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թւում՝ բազմաթիւ լրագրողներ)։

Տարբեր իրաւապաշտպան կազմակերպութիւնների եւ իրաւապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետեւեալի մասին․

– որեւէ առարկայական փաստ չկայ, որը կ՚ապացուցէր, թէ քաղաքացիները պատշաճ նախազգուշացուել են յատուկ միջոցների կիրառման մասին, ինչը օրէնքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միաւորում», իրաւապաշտպան Արման Թաթոյեան),

– առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից յետոյ իրավիճակը հանդարտուել էր: Դրանից յետոյ յատուկ միջոցների կիրառման անհրաժեշտութիւն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միաւորում»),

– մնացեալ շուրջ 20 նռնակները կիրառուել են նահանջող, փախչող եւ վիրաւորներին աջակցութիւն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:

– արձանագրուել են դէպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառւում էր արդէն իսկ կիրառուած նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնութեան հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միաւորում»),

– լուսաձայնային նռնակները կիրառուել են ՀՀ Առողջապահութեան նախարարի 2012 թուականի 90-Ն հրամանով սահմանուած կարգի խախտումով՝ չի պահպանուել մարդկանցից նուազագոյնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետեւանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասուածքներ («Իրազեկ քաղաքացիների միաւորում»),

– ոստիկանությունը հատել է համաչափութեան սահմանը եւ խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները եւ նման միւս միջոցները, հաշուի առնելով դրանց բնոյթը, մարդուն պատճառող վնասը, ենթակայ են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշերին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միաւորում», իրաւապաշտպան Արման Թաթոյեան),

– ոստիկանութիւնը կիրառել է «Զարիա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թոյլատրելի է կիրառել միայն զինուած յանցագործների նկատմամբ («Հետք առցանց»),

– տելեգրամեան ալիքներում առկայ են բազմաթիւ տեսանիւթեր (Առաւօտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկուածների նկատմամբ կիրառուել է բռնութիւն, ծեծ, նուաստացուցիչ վերաբերմունք եւ խոշտանգումներ:

Տեղի ունեցածը գնահատելու առումով, պէտք է նաեւ նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրաւունքների իրավիճակի կտրուկ վատթարացում է արձանագրել եւ իրաւապահ մարմինների գործողութիւնների խիստ քննադատութեամբ է հանդէս եկել ԱՄՆ կառավարութիւնը (ամէնամեայ տարեկան զեկոյցում), ինչպէս նաեւ Human Rights Watch եւ Freedom House հեղինակաւոր միջազգային իրաւապաշտպան կազմակերութիւնները։

Ի լրումն ասուածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետեւեալը․

1․ Նկատի ունենալով «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումի զանգուածայնութիւնը եւ խաղաղ բնոյթը, Հայաստանի իշխանութիւնները՝ որպէս երկրի ներքին կայունութեան ապահովման գլխաւոր երաշխաւոր, սկզբից եւեթ պարտաւոր էին հանդէս գալ երկխօսութեան եւ քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնութեամբ: Փոխարէնը նրանք որդեգրեցին տրամագծօրէն հակադարձ մօտեցում՝ մերժելով շարժումի առաջնորդների՝ երկխօսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինեանն ու նրա թիմը, ըստ այդմ, հերթական անգամ դրսեւորեցին ոչ թէ պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացութիւններով» առաջնորդուողների վարքագիծ։

2․ Նոյնիսկ ողբերգական իրադարձութիւններից անմիջապէս առաջ, Փաշինեանը, հանդարտութեան եւ ողջախոհութեան կոչերով հանդէս գալու փոխարէն, իր անհաւասարակշիռ պահուածքով է՛լ աւելի լարեց իրավիճակը, փաստօրէն հրահրելով բռնութիւնների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնուող ընդդիմադիր պատգամաւորների նկատմամբ եւ ապօրինի գործողութիւնները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդէպ։

3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանութիւնը ապօրինաբար արգելեց դրսում գտնուող պատգամաւորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազօրութիւնների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծուած իրավիճակում, այնուամենայնիւ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգութեանը, որը անհրաժեշտ կը դարձնէր քաղաքացիների առողջութեան համար վտանգ ներկայացնող յատուկ միջոցների կիրառումը։

4․ Յունիս 12-ին ոստիկանութեան կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմէկեան ողբերգութիւնից յետոյ։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցաւ այն իշխանութեան օրօք, որը դրժելով սեփական խոստումներն ու պարտաւորութիւնները, փաստօրէն փակեց եւ պարտկեց Մարտ 1-ի գործը՝ պատասխանատւութիւնից ազատելով դրա կազմակերպիչներին եւ կատարողներին։ Մենք բազմիցս յայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմէկեան սպանդը ամբողջութեամբ բացայայտուած եւ դատապարտուած չէ, հայ հասարակութիւնը ապահովագրուած չէ դրա կրկնութիւնից։ Բարեբախտաբար, Յունիս 12-ին մենք խուսափեցինք վատթարագոյնից։

5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, Մարտ 1-ի կրկնութեամբ, դէպքերից անմիջապէս յետոյ երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը եւ Հանրապետութեան նախագահը ոչ միայն ափսոսանք եւ մտահոգութիւն չարտայայտեցին տասնեակ վիրաւորների փաստի կապակցութեամբ, այլեւ անվերապահօրէն արդարացրին ուժային կառոյցների գործողութիւնները՝ ըստ էութեան ուղղորդելով եւ կանխորոշելով հետաքննութեան արդիւնքները։

Այսպիսով, կատարուածի գլխաւոր պատասխանատուն Նիկոլ Փաշինեանի վարչախումբն է, որը օրինակարգութեան եւ ժողովրդի վստահութեան սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխաւոր յենարան է դիտում ուժային կառոյցները՝ Հայաստանում ոստիկանապետութիւն հաստատելու հեռանկարով»։