ՆԻՒ ԵՈՐՔ – Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթը ՄԱԿ-ի գլխաւոր համաժողովի 77-րդ նստաշրջանին

 

«Պարո՛ն նախագահող,

Գերազանցութիւննե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար պատիւ է վերադառնալ գլխաւոր համաժողով, թէեւ կը ցանկանայի այստեղ լինել աւելի դրական ուղերձով, հաշուի առնելով այն բոլոր մարտահրաւէրներն ու դժուարութիւնները, որոնց միջով աշխարհն անցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Բայց իմ ելոյթը կը կենտրոնանայ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրուած յարձակման եւ Հարաւային Կովկասի կայունութեան նկատմամբ դրա ընդհանուր ազդեցութեան վրայ։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրուած եւ չարդարացուած ռազմական յարձակում սկսեց Հայաստանի դէմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր եւ մարտական անօդաչու սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ եւ համայնքներ, այդ թւում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի յարձակում էր Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ, որը դատապարտուեց եւ որին անդրադարձ կատարուեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի վերջին նիստերի ընթացքում եւ դրանից դուրս։

Ադրբեջանական յարձակումը միտումնաւոր թիրախաւորել է խաղաղ բնակչութեանը եւ կենսական նշանակութեան քաղաքացիական ենթակառուցուածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային եւ զբօսաշրջային վայրերից մէկն է, եւ այժմ ադրբեջանական յարձակման հետեւանքով Ջերմուկի բոլոր հիւրանոցները, առողջարանային եւ հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանուած են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սիւնիքի մարզերից ժամանակաւոր տեղահանուածների ընդհանուր թիւը կազմում է աւելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք եւ տարեցներ, որոնցից 1437 երեխայ եւ 99 հաշմանդամութիւն ունեցող անձ։

Շուրջ 192 տուն, 3 հիւրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատութիւն մասնակի կամ ամբողջութեամբ աւերուած են։ Վնասուել են 7 ելեկտրական ենթակառուցուածք, 5 ջրային ենթակառուցուածք, 3 կազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծուել է 2 շտապօգնութեան եւ 4 մասնաւոր կառքեր։ Թիրախաւորուել եւ գնդակոծութեան է ենթարկուել Կեչուտի ջրամբարը։ Յարձակման թիրախ են դարձել նաեւ լրագրողներն ու շտապօգնութեան կառքեր։

Յարձակման հետեւանքով զոհերի եւ անհետ կորածների թիւն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը եւ անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրաւորուել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, առնուազն 20 զինծառայող գերեվարուել է։ Ապացոյցներ կան գերեվարուած կամ արդէն մահացած զինծառայողների խոշտանգումների եւ անդամահատման, արտադատական սպանութիւնների բազմաթիւ դէպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպէս նաեւ դիերի նկատմամբ նուաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանութեամբ անդամահատել են, ապա «հպարտօրէն» տեսագրուել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների մասին տեսանիւթերը տարածւում եւ գովաբանւում են ադրբեջանական ընկերային ցանցերում առանձին օգտատէրերի կողմից:

Անկասկած, նման անասելի վայրագութիւնները քաղաքական ղեկավարութեան կողմից ադրբեջանական հասարակութեան մէջ հակահայկական ատելութիւն եւ թշնամանք սերմանելու տասնամեակներ տեւած քաղաքականութեան ուղղակի արդիւնքն են։

Այս յարձակմանը զուգահեռ պաշտօնական խօսոյթը եւ տեղեկատւութեան այլ աղբիւրները յուշում են, որ Ադրբեջանը մտադիր է բռնագրաւել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պէտք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր յարձակման վտանգը մնում է շատ բարձր՝ յատկապէս հաշուի առնելով, որ Ադրբեջանն ամէն օր խախտում է հրադադարը, եւ զոհերի ու վիրաւորների թիւը կարող է փոփոխուել որեւէ պահի։ Հետագայ սրման մէկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպութիւնների ոչ-պատշաճ արձագանգը, ինչը լրջագոյն հարցեր առաջացրեց հայ հասարակութեան շրջանում։

Տիկնայք եւ պարոնայք,

Չնայած վերը նշուած փաստերին` Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպէս մեր տարածաշրջանում խաղաղութեան, Հայաստանի հետ խաղաղութեան ձգտող երկիր։ Կողքից լսելով, թէ ի՛նչ է ասում Ադրբեջանը, դուք կարող էք նոյնիսկ տպաւորուել նրա նուիրուածութեամբ խաղաղութեան ջանքերին: Եւ նման տպաւորութիւն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի, սահմանների զատման, տարածաշրջանային հաղորդակցութեան բացման օրակարգի թեմաները։

Ինչո՞ւ մենք այս ուղղութիւններով շօշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղութեան պայմանագրի կարեւորագոյն կէտերից մէկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականութեան երկկողմ ճանաչումն է։ Մենք արդէն յայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակաւ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարաւն ու արեւելքը, նոյնիսկ մայրաքաղաք Երեւանն ադրբեջանական հող է։ Միւս կողմից, Ադրբեջանն բռնագրաւման տակ է պահում Հայաստանի շօշափելի տարածքները, եւ, ինչպէս ասացի, Ադրբեջանի կողմից նոր յարձակման վտանգը մնում է շատ բարձր։

Այս կապակցութեամբ ես պաշտօնական եւ հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ էք ցոյց տալ Հայաստանի քարտէզը, որը ճանաչում էք կամ պատրաստ էք ճանաչել որպէս Հայաստանի Հանրապետութիւն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետեւ կարող է պարզուել, որ պաշտօնական Ադրբեջանի տեսակէտով Հայաստանի տարածքի միայն կէսը կամ աւելի քիչն է Հայաստանի Հանրապետութիւնը։ Եթէ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, ոչ թէ տեսականօրէն, այլ կոնկրէտ,– ես նկատի ունեմ մեր միջազգայնօրէն ճանաչուած 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականութիւնը,– կը նշանակի, որ մենք կարող ենք խաղաղութեան պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմեանց տարածքային ամբողջականութիւնը։ Հակառակ դէպքում մենք կ՚ունենանք ֆիկտիւ խաղաղութեան պայմանագիր, եւ դրանից յետոյ Ադրբեջանը կ՚օգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների եւ բռնագրաւման համար։

Ինչպէս գիտէք, Մայիսին ստեղծուել է սահմանների զատման եւ սահմանների անվտանգութեան երկկողմ յանձնաժողով, եւ տեղի է ունեցել յանձնաժողովի երկու նիստ։ Մինչ յանձնաժողովի ստեղծումը, անցեալ տարի Ադրբեջանն բռնագրաւել էր Հայաստանի աւելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից յետոյ, Ադրբեջանի արդարացումներից մէկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարւում է սահմանազատման յանձնաժողով ստեղծելուց։ Մենք, ի հարկէ, չէինք հրաժարուել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգութեան գործիքակազմ ստեղծուի։

Ի վերջոյ, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային յանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործօն է լինելու սահմանների անվտանգութեան համար, պայմանաւորուեցինք սկսել աշխատանքները։ եւ հիմա, երբ ձեւաւորուել եւ աշխատում է սահմանների զատման եւ անվտանգութեան յանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց յարձակման նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրւում Ադրբեջանի յարձակումը։ Գիտէք, եթէ ինչ-որ մէկի մօտ յարձակողութեան աւելցուկ կայ, պատճառը միշտ կը գտնուի։ Ինչպէս ասւում է ֆիլմում, միշտ հնարաւոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլէտին։ Ո՞վ է սպանել, ինչպէ՞ս, երբ եւ ինչո՞ւ, կարեւոր չէ. իրականութիւնն այն է, որ Ադրբեջանը փորձում է եւ շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

Նման մէկ այլ թեմա տարածաշրջանային փոխադրական հաղորդակցութեան կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մէջ Հայաստանին ներկայացնել որպէս ապակառուցողական կողմ։ Իրականութիւնն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրէնսդրութեան շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Աւելին, օրերս հրապարակուեց կառավարութեան որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակէտ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ յօդուածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռնափոխադրողներն իրաւունք կ՚ունենան օգտուելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն երթեւեկելու համար։ Հայաստանի իշխանութիւնն ունէր քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտօնեաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որ նոր երթուղի կառուցուի։ Դա նոյնպէս ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ յօդուածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցուել կողմերի համաձայնութեամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կը գործի Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան համաձայն եւ ինքնիշխան վերահսկողութեան ներքոյ։

Այդ դէպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պէտք է արտատարածքային միջանցք տրամադրի, եւ դա, ըստ իրենց, բխում է 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ յօդուածից։ Եռակողմ յայտարարութիւնը հրապարակային փաստաթուղթ է, եւ 9-րդ յօդուածում ոչինչ չկայ միջանցքի, արտատարածքայնութեան եւ այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպէս Հայաստանի դէմ նոր յարձակման եւ նոր տարածքային պահանջի պատրուակ։

Մենք Ադրբեջանի հետ փոխանակուել ենք հաղորդակցութեան բացման թեմայով առաջարկների փաթեթներով, եւ եթէ Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պէտք է գործեն ազգային օրէնսդրութեան համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման յանգել։ 

Ի դէպ, 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եւ 2021 թուականի Յունուարի 11-ի եռակողմ յայտարարութիւնները ենթադրում են, որ ո՛չ միայն Հայաստանը պէտք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլ նաեւ Ադրբեջանը պէտք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եւ մենք դեռ ոչինչ չենք ստացել։

Ինչ վերաբերում է միջանցքային ձեւակերպմանը, ապա շատ կարեւոր է նշել, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ նշւում է միայն մէկ միջանցքի մասին, եւ դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Տարածաշրջանային կայունութեան վճռորոշ գործօններից մէկը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համապարփակ կարգաւորումն է, որտեղ հասցէագրուելու եւ երաշխաւորուելու են ԼՂ-ում բնակուող Հայերի իրաւունքները եւ անվտանգութիւնը։

Վերջին յարձակումը տեղի է ունենում այն դէպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թուականի պատերազմի մարդասիրական հետեւանքները դեռ չեն լուծուել։ Լեռնային Ղարաբաղի յետպատերազմեան վերականգնումը, տեղահանուած բնակչութեան ընկերային խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձութիւնը եւ մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարութեան օրակարգում։

Այնուամենայնիւ, Լեռնային Ղարաբաղի Հայերը միջազգային հանրութեան աջակցութեան կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալութիւնների անվտանգ եւ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրաւունքների իրավիճակը տեղում գնահատելու եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակը եւ ԻՒՆԷՍՔՕ-ի անկախ փաստահաւաք առաքելութիւնը պէտք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտի։

Ցաւօք, Ադրբեջանը երկու առաքելութիւններն էլ խոչընդոտում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով՝ ըստ էութեան արգելք հանդիսանալով անկախ փաստահաւաք առաքելութեան մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Դատապարտելի է նաեւ, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձութեան գործընթացը՝ ի թիւս այլ գործողութիւնների, նրանց ենթարկելով արհեստական դատավարութիւնների՝ միջազգային մարդասիրական իրաւունքի, իր սեփական պարտաւորուածութիւնների կոպիտ խախտումով եւ միջազգային հանրութեան կոչերին հակառակ։

Պարո՛ն նախագահող, 

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, 

Կայուն տարածաշրջանային խաղաղութիւնն ու կայունութիւնը մեր նպատակն է։ Անցեալ տարի ժողովրդավարական արտահերթ ընտրութիւնների միջոցով մեր ժողովուրդը վճռականօրէն աջակցեց կառավարութեան խաղաղութեան օրակարգին եւ վերահաստատեց Հայաստանի յանձնառութիւնը՝ գնալու ժողովրդավարական ճանապարհով։

Շատ կարեւոր է փաստել, որ ադրբեջանական յարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախութիւնն է, ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, այլ նաեւ Հայաստանի ժողովրդավարութիւնը։ Հակառակ որոշ ուժերի ակնկալիքներին, Հայաստանը 2020 թուականի աւերիչ պատերազմից յետոյ մնաց ժողովրդավարական՝ օգտագործելով ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրութիւնների գործիքը որպէս ելք ներքաղաքական ճգնաժամից։ Միջազգային հանրութիւնը միաձայն ընդունեց եւ բարձր գնահատեց այս փաստը։

Հայկական ժողովրդավարութիւնը պայքարում է մի մթնոլորտում, երբ Ադրբեջանն ամէն օր ուժ է գործադրում՝ միակողմանիօրէն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականութեանը, անկախութեանը եւ ժողովրդավարութեանը։

Բայց ես այստեղ եմ՝ յայտարարելու, որ մենք վճռական ենք բոլոր միջոցներով պաշտպանելու մեր ժողովրդավարութիւնը, անկախութիւնը, ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը։ Ուզում եմ ընդգծել, որ դիւանագիտական լուծումները մեզ համար բացարձակ առաջնահերթութիւն են, եւ միջազգային հանրութեան լիարժեք ներգրաւուածութիւնն ու աջակցութիւնը չափազանց կարեւոր է։ Այս կապակցութեամբ ուզում եմ նշել, որ միջազգային դիտորդական առաքելութիւնը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարեւոր գործօն կը լինի տարածաշրջանային կայունութեան համար։

Անհերքելի է, որ տարածաշրջանային կայունութեան շահերից ելնելով եւ միջազգային իրաւունքի չափանիշերին ու սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինուժը պէտք է դուրս բերուի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, 

Ես ուզում եմ եւս մէկ անգամ շեշտել. մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու հարցում, բայց մեզ անհրաժեշտ է միջազգային հանրութեան լիակատար աջակցութիւնը, որը կը կանգնի ինքնիշխան եւ ժողովրդավարական երկրի եւ ժողովրդի կողքին, որը ենթարկւում է յարձակման՝ ի հակասութիւն միջազգային իրաւունքի չափանիշերի ու սկզբունքների։

Ես հաւատում եմ երկարաժամկէտ կայունութեան, անվտանգութեան եւ խաղաղութեան հաստատման ներուժին, եւ Հայաստանը յանձնառու է շարունակել այդ նպատակով դիւանագիտական ջանքերը։

Շնորհակալ եմ ուշադրութեան համար»։