Շահումեանի շրջանի ճակատագիրը՝ Ազերպայճանի կազմին մէջ Արցախի որեւէ կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է

30 տարի առաջ Ազերպայճանի բռնաճնշումներու, յարձակումներու եւ ոճրային այլ գործողութիւններու հետեւանքով Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի 20.000 բնակչութիւնը ենթարկուեցաւ տեղահանութեան և հայրենազրկման, աւելի քան 700 հոգի սպանուեցաւ եւ անհետացաւ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափուեցան ու ենթարկուեցան թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգեւոր-մշակութային արժէքները ոչնչացան վանդալական արարքներու պատճառով։

“Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տէրերն» իրենց անունները իւղաներկով գրել էին դարպասների վրայ: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել հրացանից արձակուած կրակոցներով, իսկ կտորները թափել՝ այս ու այն կողմ”,– վկայած են ականատեսները:

Արցախի Մարդկային իրաւանց պաշտպանին՝ Շահումեանի ողբերգութեան 30-րդ տարելիցին կապակցութեամբ հրապարակած հաղորդագրութեան մէջ նշուած է.-

«Ցեղային-կրօնական պատկանելիութեան հիմքով հայրենազրկուած շահումեանցիների նկատմամբ արդարութեան եւ նրանց խախտուած իրաւունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում յստակ չամրագրուեց, նրանց նկատմամբ իրականացուած յանցագործութիւնների համար ադրբեջանական իշխանութիւնները այդպէս էլ պատասխանատւութեան չենթարկուեցին։ Աւելի՛ն՝ այդ անպատժելիութիւնը շարունակում է ծնել նոր յանցագործութիւններ, որոնց ականատես եղանք 2016 թուականի Ապրիլին և 2020-ի Սեպտեմբերին Արցախի ժողովրդի դէմ սանձազերծուած ադրբեջանական յարձակումների ընթացքում, եւ շարունակում ենք ականատես լինել հրադադարի վերաբերեալ Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ։

Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրութիւնը շարունակում է դրսեւորել դատապարտելի անտարբերութիւն, որը չի բխում մարդու իրաւունքների պաշտպանութեան համընդհանրութեան սկզբունքից»: