Search
Close this search box.

Շահրամանեան՝ Եռաբլուրի մէջ. «Մեծ ցաւով եմ լսում իշխանութիւններին, որոնք համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը յաղթանակ է»

Սեպտեմբեր 19-ին, Արցախի հայաթափման առաջին տարելիցին, Եռաբլուրի մէջ լրագրողներու հետ ասուլիսին Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեան յայտարարած է.

“Այս օրը մեր յիշողութիւններում կը մնայ որպէս օր, երբ 10 ամիս շրջափակման հետեւանքով, այնուհետեւ 4 ամիս լիակատար պաշարումից յետոյ ադրբեջանական կողմը ձեռնարկեց ռազմական յարձակման, որի հետեւանքով ունեցանք զոհեր, տուժածներ:

Այսօր մեր յարգանքի տուրքն ենք մատուցում մեր նահատակներին, մեր զոհերին, որոնք իրենց կեանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը եւ իրենց ընտանիքները:

Ռազմական գործողութիւնների հետեւանքով մեր բնակչութիւնը ստիպուած է եղել լքել իր հայրենիքը եւ մենք մշտապէս մեր յիշողութիւններում ունենալու ենք այն նուիրեալների անունները, որոնք իրենց կեանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը եւ հնարաւորութիւն են ստեղծել, որ հարիւր հազարից աւելի բնակչութիւն կարողանայ դուրս գալ շրջափակումից”:

Ինչ կը վերաբերի Հայաստանի իշխանութիւններու յայտարարութիւններուն, Արցախի նախագահը նշած է, որ ցաւով  կը լսէ նման արտայայտութիւններ:

“Ցաւով եմ լսում նման արտայայտութիւնները ներառեալ՝ բարձրաստիճան պաշտօնեաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հիւր ենք Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի յաղթանակն է: Մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարութեան բոլոր անդամներն են այդպէս մտածում եւ Հայաստանի ժողովուրդն է այդպէս մտածում: Ես ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց, իրենց պատասխանները իրենք պէտք է տան այն քաղաքացիներին, ովքեր ձեւաւորել են իշխանութիւններին”,– շեշտած է Շահրամանեան: