Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 31-րդ տարեդարձին առիթով

«Սիրելի՛ ժողովուրդ,

սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 31-րդ տարեդարձը: 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէ, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թուի 95,5 տոկոսն էր:

Հանրաքուէի էր դրուած հետեւեալ հարցը. “Համաձա՞յն էք, որ Հայաստանի Հանրապետութիւնը լինի անկախ, ժողովրդավարական պետութիւն Խորհ. Միութեան կազմից դուրս”: Հանրաքուէի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է այո՛:

Հանրաքուէի օրը մի իսկական տօնախմբութիւն էր Հայաստանում, երբ 1988-ից սկսած մենք բարձրաձայնել էինք մեր ներսում անթեղուած բոլոր ճշմարտութիւնները, ձեւակերպել էինք մեզ յայտնի բոլոր մեղադրանքները, ի ցոյց էինք դրել մեր բոլոր երազանքները եւ այդ ամէնին անհրաժեշտ էր ասել այո՛, եւ մենք ասացինք այո՛:

Միանշանակ է եւ աներկբայ, որ 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին այո՛ ասող եթէ ոչ բոլոր քաղաքացիները, գոնէ մեծամասնութիւնը, հասկանում էր, որ սա պարզապէս քուէաթերթիկի վրայ գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է քաղաքացի, հայրենիքը դառնում է պետութիւն, կարգախօսը դառնում է պատասխանատւութիւն:

1991-ի Սեպտեմբերի 21-ին այո՛ ասած սերունդը լիուլի եւ արժանապատիւ կրեց այդ պատասխանատւութիւնը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժուարութիւնների, ընկերային յուսահատութեան ծանրութիւնը: Եւ այսօր Հայաստանի անկախութեան 31-րդ տարեդարձի օրը նախեւառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խօսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կեանքն են տուել յանուն անկախութեան, յանուն պետականութեան, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կեանքն ու բարեկեցութիւնը զոհաբերելով են նաեւ այո՛ ասել անկախութեանը:

Հէնց այս մարդկանց՝ կամաւորների, ոստիկանների, զինուորների ուսերին է յենուել մեր նորանկախ պետութիւնը: Բայց ո՛չ միայն նրանց, այլեւ մեր բոլոր այն հայրենակիցների, ովքեր տոկացել եւ թիկունք են եղել մեր նորաթուխ ու ձեւաւորուող բանակի համար, ու ո՛չ միայն հանրաքուէի օրը, այլեւ ամէն օր, ամէն Աստծոյ օր այո՛ են ասել անկախութեանը, երբեմն ցնծալով, երբեմն ողբալով, երբեմն յուսահատ, երբեմն հպարտ, երբեմն պարտուած: Բայց սրանում է էութիւնը, որ 1991 թուականի այո՛ն տրամադրութիւն չի եղել, այլ որոշում, եւ այդ որոշումը չի փոխուել ընկերային ու քաղաքական որեւէ դժուարութիւնից, որեւէ անյաջողութիւնից ու ձախողումից:

Այսօր էլ Սեպտեմբերի 21 է եւ այսօր էլ անկախութեան հանրաքուէ է: 1991 թուականի հանրաքուէն տեղի է ունեցել, բայց չի աւարտուել եւ անկախութեան հանրաքուէն տեղի է ունենում այսօր:

Յանուն Հայրենիքի իրենց կեանքը տուած մեր նահատակներն այո՛ են ասել անկախութեանը եւ շատ կարեւոր է, որ նրանց կորստի դառնութիւնից մեր ծնկները չծալուեն: Սահմանին աներեր կանգնած զինուորը այո՛ է ասում անկախութեանը եւ չափազանց կարեւոր է, որ նրա այո՛ն իր արձագանգը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլեւ մեր գործերում:

Ամէն օր, ամէն Աստծոյ օր պաշտօնեայ թէ գիւղացի, զինծառայող թէ գործարար, ուսուցիչ թէ բանուոր՝ ուզենք թէ չուզենք, գիտակցենք թէ չգիտակցենք, հանրաքուէի մասնակից ենք, անկախութեան հանրաքուէի:

Եւ կարեւոր է, որ անկախութեանը ասենք այո՛, ինքնիշխանութեանը ասենք այո՛, ժողովրդավարութեանն ասենք այո՛ եւ այդ այո՛ն, ըստ անհրաժեշտութեան, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետութիւն-Հայրենիքի այն հատուածում, որտեղ այդ այո՛ն ամենաշատն անհրաժեշտ կը լինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետեւ ամէն օր, ամէն Աստծոյ օր մեր մէջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամէնը յանուն մի բանի, որ մենք հրաժարուենք մեր անկախութիւնից, որ հրաժարուենք մեր պետութիւնից:

Շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի հանրապետութեան անկախութեան 31-րդ տարեդարձի առիթով:

Այո՛ անկախութեանը, այո՛ ինքնիշխանութեանը, այո՛ Հայաստանի Հանրապետութեանը»:

Կապուեցէք այս էջին ամբողջական պարունակութիւնը տեսնելու համար։

Եթէ չունիք բաժանորդագրութիւն, կրնաք այստեղ արձանագրուիլ՝