Search
Close this search box.

Փաշինեանի վիճարկումի առաջարկը՝ Հայաստանի նախկին նախագահներուն

Վերջիններուս արձագանգը

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Դեկտեմբեր 23-ի երեկոյեան հանդէս եկած է վիճարկումի առաջարկով՝ ուղղուած Հայաստանի նախկին նախագահներուն։ Ան առաջարկած է ուղղակի հեռարձակումով վիճարկել Արցախի բանակցային գործընթացին շուրջ։

Վարչապետը այս կապակցութեամբ հրապարակած է տեսանիւթ մը, նշելով.

«Սա իրականում ճշմարտութեան պահ է, որովհետեւ բանավէճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին կարեւորագոյն նշանակութիւն պիտի ունենայ այն հարցում, որ ժողովուրդը վերջնական եւ աներկբայ եզրակացութիւն անէր, թէ ի վերջոյ ի՞նչ է տեղի ունեցել երրորդ հանրապետութեան պատմութեան ողջ ընթացքում, ո՞վ է մեղաւոր, ինչո՞ւմ է մեղաւոր: Սա բացառիկ հնարաւորութիւն է, որ իրազեկ մարդիկ դէմ դիմաց հանդիպեն եւ հեռակայ ու հեռավար բանավէճը եզրափակեն առերես բանավէճով: Սա միայն անցեալի խօսակցութիւն չէ, այլ նաեւ ապագայի ռազմավարութիւններում կողմնորոշուելու համար առանցքային մի իրադարձութիւն է:

Խնդիրը միայն բանավէճը չէ, այլ սեփական պատմութիւնը սեփական ժողովրդին մեկնաբանելու, սեփական պատմութիւնը հասկանալու մասին է:

Ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարուեցին բանավէճից, բայց ես նրանց կոչ եմ անում եւս մէկ անգամ մտածել այս մասին, որովհետեւ եզրակացութիւնը ի վերջոյ տեղի է ունենալու:  Ես վճռական եմ եւ այդ խօսակցութիւնը տանելու եմ մինչեւ վերջ, ի՞նչ ձեւաչափով, դա ուրիշ խնդիր է, ես ընտրում եմ ազնիւ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դէմ դիմաց, առերես կանգնելու եւ խօսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դէպքում հետեւութիւնները կը մնան ժողովրդին եւ ես ժողովրդին կ՚օգնեմ այդ հետեւութիւնները անելու գործում»:

Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներուն գրասենեակները ի պատասխան հանդէս եկած են յայտարարութիւններով, զորս կը ներկայացնենք ստորեւ.

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի բանբեր Արման Մուսինեանի արձագանգը

«Մեր պետութեան ու հասարակութեան համար չափազանց օգտակար կը լինի, որ Նիկոլ Փաշինեանը նախ եւ առաջ բանավիճի Նիկոլ Փաշինեանի հետ, որի հետեւանքով, վստահ եմ՝ բանավէճի երկու կողմն էլ արդարացիօրէն կը հիմնաւորի դիմացինի ստախօս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինեան՝ ընդդէմ Նիկոլ Փաշինեանի բանավէճը չափազանց օգտակար կը լինի ոչ միայն Ղարաբաղեան հարցի շուրջ, այլեւ հասարակութեանը յուզող որեւէ այլ թեմայով. Ամուլսար, դրամատների մենատիրութիւն, համալսարանների կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական-քաղաքական պաշտօնեաների կողմից իրականացուող հովանաւորութիւն եւ տարատեսակ մրցոյթների (խօսքը appel d’offre-երու մասին է – «ՆՅ») միջոցով պետական ամավարկի մսխում, պադավատապետութիւն (մսխումներու, չափազանցութիւններու պետական կարգեր – «ՆՅ»), դատական համակարգի անկախութեան ոչնչացում եւ SMS-ով դատական բարձրագոյն պաշտօնեաների ազատում, քաղաքական հակառակորդների դէմ իրաւապահ մարմիններին որպէս մահակ գործածում եւ այլն: Արդիւնքը կրկին նոյնն է լինելու»։

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանի պատասխանը

«Նախագահ Քոչարեանը վաղուց չի կարդում վարչապետի դիմագիրքեան մարազմատիկ (հիւծող – «ՆՅ») գրառումները։ Ես ստիպուած եմ ծանօթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, եւ դա եղել է իմ արձագանգը։ Բանավէճի համար վիճելի նիւթի առկայութիւն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների յանձնումը գործող վարչապետի անձնական “վաստակն” է, անվիճելի պատմական փաստ է ու ակնյայտ՝ բոլոր գիտակից մարդկանց համար։

2018-2024 թուականներին Հայաստանում մէկ մարդ է ունեցել ամբողջական իշխանութիւն, եւ այդ մէկ մարդն է կրում բոլոր իրադարձութիւնների ամբողջական պատասխանատւութիւնը։ Մէկ մարդ է յայտարարել, որ բանակցում է իր սեփական կէտից, ինչ որ պէտք է՝ այն էլ բանակցում է, եւ այդ մէկ մարդը գործող վարչապետն է։ «Տիկտոկ»-եան զաւեշտական կերպարների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, ի հարկէ, չի քննարկի։ Հազարաւոր ոստիկանների եւ թիկնապահների ետեւում թաքնուած գոյատեւողի,– թաքնուելու ակնարկի մասին կը ցանկանայի լռել,– մասին աւելի խօսուն կը պատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակի պատասխանը

«Ակնյայտի մասին բանավիճելը անիմաստ է, մա՛նաւանդ որ ինչպէս մինչեւ իշխանազաւթումը, այնպէս էլ դրանից յետոյ հազար անգամ հրապարակային, հանգամանօրէն ներկայացուել է Արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ամբողջ պատմութիւնը: Առաւել եւս, երբ Հայաստանի կառավարիչը ամէն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողեցնելու համար: Եթէ նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թուականներին հինգ անգամ յայտարարել են բանակցային ձեւաչափի եւ ա՛յն սկզբունքների մասին, որոնց հիման վրայ պէտք է լուծուէր Արցախեան հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մէկ-մէկ էլ լսէր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ՝ ինչպէս 2016 թուականի, այնպէս էլ յետպատերազմեան խոստովանութիւնները»:

Փաշինեան. «Եթէ բանավիճելու բան չունէք, ուրեմն գնացէք ձեր թոշակին եւ/կամ դատերին»

Դեկտեմբեր 24-ին ալ վարչապետ Նիկոլ Փաշինեան շարունակած է վիճարկումի նիւթին շուրջ գրառումները, այս անգամ՝ կոշտ շեշտադրումներով։ Ան անդրադառնալով վիճարկումի մասին նախկին նախագահներու յայտարարութիւններուն, Դիմագիրքի իր էջին գրառումով, ի մէջ այլոց, առաջարկած է «կա՛մ ժողովուրդի աչքին առջեւ փաստարկներով վիճարկել, կա՛մ ձգել քաղաքական դաշտը»։

«Եթէ բանավիճելու բան չունէք, ուրեմն գնացէք ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թէ ամէն ասածս ներկայացուցիչներով, ծանօթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրեայ ծանօթներով դրէք-վերցրէք»,– ըսած է ան, աւելցնելով.

«Յարգելի՛ երեք նախկին նախագահներ, եթէ բանավէճի հարցում փոշմանէք, ձայն հանէք»: