Հոկտեմբեր 12-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան եւ «Քոնրատ Ատենաուըր» հիմնադրամին կողմէ կազմակերպուած «Խաղաղութեան խաչմերուկ. միաւորելով անվտանգութիւնն ու ժողովրդավարութիւնը» նիւթին շուրջ համաժողովին ունեցած իր ելոյթին վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարած է, թէ Ազերպայճան կ՚ուզէ օգտագործել Հայաստանի ճամբաները, բայց միաժամանակ զայն պահել շրջափակման մէջ։
“Մեր իրականութեան մէջ անվտանգութիւն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ: Այս իրավիճակում անվտանգութիւն գոյութիւն չունի եւ չի կարող գոյութիւն ունենալ: Բանակը, ինչ խօսք, առանցքային դերակատարում ունի անվտանգութեան ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերը առաջինը չէ եւ երկրորդը չէ: Եթէ առաջինը կամ երկրորդն է, նորից եմ ասում, ուրեմն անվտանգութեան համակարգ ընդհանրապէս գոյութիւն չունի”,– նշած է վարչապետը եւ շարունակած.
“Ադրբեջանն իր այսօրուայ խօսոյթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միեւնոյն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մէջ: Թւում է, թէ սա անհեթեթ ձեւակերպում է, բայց ադրբեջանական խօսոյթի մեր վերլուծութիւնը ցոյց է տալիս դա, որ ճանապարհները բացուեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը մնայ շրջափակման մէջ։ Այդ անտրամաբանական մօտեցումը Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել”։
Փաշինեան աւելցուցած է.
“«Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնեակ միլիառների օգուտներ բերել Հայաստանին: Եւ այդ փաստը ենթադրական երկու մտահոգութիւն կարող է բերել Ադրբեջանին:
Առաջինը, եթէ Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն յարձակողական ծրագրեր ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնեակ միլիառ դոլարները կարող են օգտագործուել ընդդէմ Ադրբեջանի:
Բայց կայ նաեւ հակադարձը, որ եթէ Ադրբեջանը յարձակողական մտադրութիւն ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնեակ միլիառ դոլարները կարող են օգնել ՀՀ-ի պաշտպանունակութիւնը բարձրացնելու համար եւ Ադրբեջան իր յարձակողական ծրագրերը մեր նկատմամբ իրականացնելու համար խնդիրներ կարող է ունենալ:
Կարող եմ ասել, որ ՀՀ-ն որեւէ յարձակողական նկատառում տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի:
Աւելի՛ն, սեփական բռնագրաւուած տարածքները վերադարձնելու համար նոյնիսկ ռազմական ճանապարհով նման մտադրութիւն չունի”:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։