Search
Close this search box.

Փաշինեան. «Որ անընդհատ գրում ենք 10 միլիոն հայ, մի տեղ կա՞յ այդ հայերի ցուցակը» 

Յունիս 19-ին, Հայաստանի պետական կառավարման մարմիններու մէջ Սփիւռքի մասնագէտներու ներգրաւման «իԳործ» ծրագրի մասնակիցներուն հետ հանդիպումին, վարչապետ Նիկոլ Փաշինեան ըսած է. “Այս վերջերս ինձ մօտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 միլիոն հայ, մի տեղ կա՞յ այդ հայերի ցուցակը:  Համոզուած եմ, որ չկայ։ Մենք ոչ միշտ ենք կարեւորութիւն տալիս թուաբանութեանը: Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիւը սուրբ ա, յանկարծ չկպնէ՛ք:  Էդ թիւը ոչ աւելանում ա, ոչ պակասում, չես կարա փոխես: Մէկը ասի 10 միլիոն չի, 10 միլիոն 561 հազար ա, բոլորը կը յարձակուեն, կ՚ասեն ա՛յ տգէտ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես: Մէկը ասի՝ չէ, 9 միլիոն 200 հազար ա, կ՚ասեն՝ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցութիւնը, դու գրչի մի հարուածով 800 հազար հայի ջնջեցիր: Սա մեր իրականութիւնն ա”։

Ան աւելցուցած է. “Թւում է, թէ 10 միլիոնի մէջ ընդամէնը մի քանի հարիւր մարդ ա «իԳործ» ծրագրին մասնակցում, բայց դա շատ կարեւոր գործօն է: Նախ` քաղաքական ուղերձ է, ապա օրգանական կապ է: Օրգանական կապերը գենետիկ մակարդակով են ձեւաւորւում, իսկ գեները շատ անտեսանելի են, ինչպէս մի հոգին կարող է անտեսանելի լինել միլիոնաւոր մարդկանց մէջ:

Այն ինչ ես այսօր ասացի, համարում եմ, որ շատ կարեւոր է, բայց ուրիշ միջավայրում չէի ասի: Մենք կարող ենք հանդիպել հանրութեան տարբեր շերտերի հետ. ամէն լսարան ենթադրում է իր ասելիքը, եւ այն ինչ ես ասացի, հնարաւոր էր ասել միայն այս հանդիպման ժամանակ”:

Քանի մը տարի առաջ Նիկոլ Փաշինեան նախաձեռնած էր 10 միլիոն ծառ տնկելու ծրագրին՝ ի պատիւ աշխարհի մէջ ապրող 10 միլիոն հայերուն։

 

«Այն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից յետոյ՝ բանակի սրբացման պատճառն է. տրուել ենք նրան, որ բանակը սրբութիւն է, չկպնէք յանկարծ»

Նոյն հանդիպումին վարչապետը նշած է, թէ Հայաստանի Հանրապետութիւնը իր բոլոր թերութիւններով պէտք է ընկալել թէ՛ ներսէն, թէ՛ դուրսէն: 

“Հայաստանը պէտք է  ընկալել ոչ թէ  որպէս սրբապատկեր, որի առաջ պէտք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որը ունի առաւելութիւններ, թերութիւններ, որը կարող է տեղ-տեղ լինել սիրելի, տեղ-տեղ ոչ-գրաւիչ:

Մենք պետութիւնն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թւում է, թէ ի՞նչ վատ բան կայ, ինչի՞ն էք դէմ, խնդիրն այն է, որ, երբ կոթողացնում ու սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն աւելի լաւը դարձնելու հնարաւորութիւնից, մենք մեզ զրկում ենք այն հնարաւորութիւնից, որ պետութիւնն ընդամէնը գործիք է՝ մարդկանց կեանքն աւելի լաւը դարձնելու համար”,– ըսած է ան, ընդգծելով, թէ «մենք բանակը եւս սրբացնում ենք»։

“Այսքան խօսում ենք՝ պարտութիւն, պատերազմ, բայց չենք արել ամենակարեւոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թուականին ու դրանից յետոյ՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Յանկարծ վատ բան չասէք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրուել ենք դրան՝ հո՜պ, սրբութիւն է, չկպնէք յանկարծ այդ սրբութեանը”,– յայտարարած է Փաշինեան։

 

«Պէտք է տեղի ունենան փոփոխութիւններ նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում»

Վարչապետը Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն անդրադառնալով ըսած է հետեւեալը.

“Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխութիւններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակութիւն ունեն: Կարծում եմ, որ այդ փոփոխութիւնները տեղի են ունենում կամ ունենալու են նաեւ Սփիւռքում: 

Շատ կարեւոր է, որ մենք այս փոփոխուող մտածողութիւնը ճիշդ քարտէզագրենք եւ արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականութիւնն է, Հայաստանի հարապետութիւնը (ՀՀ): Երբ ասում եմ սոցիալ-հոգեբանական փոփոխութիւն, ուզում եմ արձանագրել, որ դա չի վերաբերւում ուրիշներին, դա վերաբերւում է բոլորիս, այդ թւում ինձ:

3-րդ հանրապետութեան պատմութեան ընթացքում յաճախ Սփիւռքը դիտարկուել է որպէս ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ: Տեղի ունեցող փոփոխութիւնն այն է, որ մենք ասում ենք՝ Սփիւռքը ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ չի կարող լինել, որովհետեւ ՀՀ-ն իր յստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ յստակ նշուած է՝ ովքեր եւ ինչպէս են կառավարում այդ մեխանիզմը: Եթէ այդ մեխանիզմի ճարտարապետութեան մէջ չկայ մի որեւէ դետալ կամ ոչ-դետալ, այլ աւելի մեծ ամբողջութիւն, եւ մենք փորձում ենք այդ ամբողջութիւնը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Պէտք է վերջ դրուի նաեւ հակառակին՝ ՀՀ-ն պէտք է դադարի դիտարկուել որպէս Սփիւռքի կառավարման օժանդակ գործիք:

ՀՀ-ն Սփիւռքի կառավարման օժանդակ կամ ոչ-օժանդակ գործիք դարձնելու պարագայում, մենք ՀՀ-ն դուրս ենք դնում իր իրաւազօրութեան սահմաններից եւ դարձնում աւելի խոցելի: Պէտք է տեղի ունենան փոփոխութիւններ նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում: Կարծում եմ, որ քննարկումները, թէ ինչպիսին պէտք է լինեն այդ յարաբերութիւնները, պէտք է լինեն հանրային եւ ոչ՝ պաշտօնական”: