Ազգային ժողովի մարդկային իրաւանց պաշտպանութեան և հանրային հարցերու մնայուն յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեան Դիմագիրքի իր էջին գրած է.–
«Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. կտոր-կտոր կորցնում ենք մեր հայրենիքը:
Բոլորիս ուշադրութեան կենտրոնում է ցաւալի իրականութիւնը, որ մինչև Օգոստոսի 25-ը Բերձոր, Աղաւնոյ և Ներքին Սուս համայնքների բնակիչները պէտք է հեռանան իրենց տներից, իսկ այս բնակավայրերը պէտք է յանձնուեն Ադրբեջանին։ Առանց պայքարելու, Նիկոլ Փաշինեանի ապագայ խոստացած իշխանութիւնը հող է յանձնում թշնամուն՝ նուազեցնելով մեր հայկական պետութիւնների անվտանգութեան մակարդակը։ Իշխանութիւնը առանց մի փամփուշտ կրակոցի, յանձնեց նաև Քարվաճառը, որտեղ պատերազմի օրէնքով թշնամին չէր կարողացել առաջ գալ, և կարող էինք պահպանել մեր հայրենիքը. չարուեց:
Իշխանութիւնների այս անտարբեր վերաբերմունքը մեր հայրենիքի տարբեր հատուածների (այդ թւում՝ ձիւնառատ սարերի) նկատմամբ ևս մէկ անգամ փաստում է, որ Արցախը ամենևին էլ արժէք չէ այս մարդկանց համար: Նրանք տարանջատեցին մեր երկու պետութիւնները…
Գրութիւն եմ ուղարկել Ն․ Փաշինեանին՝ պահանջելով պարզաբանումներ, թէ այս համայնքների յանձնումը ո՞ւմ կողմից է համաձայնեցուել և իրաւական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթի հիման վրայ է իրականացւում։ Առ այսօր Հայաստանի հանրապետութեան կառավարութիւնը չի յայտնել նաև, թէ արդեօք բանակցե՞լ է նշուած համայնքները չյանձնելու շուրջ, ի՞նչ արդիւնքներ են արձանագրուել։ Եթէ վաղուց յայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի յանձնուեն, ինչո՞ւ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացուել, այլ ընդհակառակը՝ տարբեր միջոցներով ներդրումներ են արուել այդ համայնքներում: Մէկ այլ խնդիր է նաև պատմամշակութային ժառանգութեան պահպանման հարցը առ այն, թէ արդեօք կառավարութիւնը ձեռք բերե՞լ է պայմանաւորուածութիւն, որ ադրբեջանական վայրագները չեն վնասի նշուած համայնքների պատմամշակութային ժառանգութեան, գերեզմաններին։
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորները ահազանգում են, որ տարհանման գործիքները բաւարար չեն գործընթացը պատշաճ կազմակերպելու համար, ուստի պատրաստւում եմ դիմել նաև միջազգային գործընկերներիս՝ Բերձոր, Աղաւնոյ և Ներքին Սուս համայնքների յանձնման ժամկէտերի երկարաձգման հարցով. չգիտեմ` ի՞նչ կը ստացուի, բայց վերջին քայլն է, որը կարող եմ անել իբրև Ազգային ժողովի մարդու իրաւունքների պաշտպանութեան և հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։