Սեպտեմբեր 17-ին, Արցախի Տեղեկատուական կեդրոնը հրապարակած է հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օր ըստ օրէ խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասերին ալիւրի մատակարարման գործընթացը կառավարութիւնը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցաւօք սրտի, ոչ միշտ է յաջողւում ամէն օր ապահովել կտրօնային համակարգով նախատեսուած օրական 200 կրամ հացը հասցնել քաղաքացուն:
Հաշուի առնելով երկրում խորացող աղէտն ու անվտանգային իրադրութիւնը՝ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Ստեփանակերտի գրասենեակի եւ խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրախմբի հրամանատարութեան համատեղ առաջարկը՝ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղիով, և Ակնայ–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռների միաժամանակեայ տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մեքենաներով (արտասահմանեան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումը անհրաժեշտ է ինչպէս մեր քաղաքացիների կեանքին ու առողջութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, այնպէս էլ Բերձորի միջանցքով մարդասիրական բեռների հետագայ տեղափոխումը ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաեւ, որ միջնորդները աշխատանք են տանում Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ՝ հանրապետութիւնում լարուած մարդասիրական եւ անվտանգային իրավիճակը թօթափելու նպատակով»:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։