Արցախի Ազգային ժողովը հրապարակած է ստորեւ տրուած հաղորդագրութիւնը՝ հայ պատանդներու նկատմամբ Ազերպայճանի կողմէ Յունուար 17-ին սկսուող ապօրինի ու կեղծ դատավարութեան կապակցութեամբ.
«Մենք՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորներս, խորը մտահոգութեամբ եւ վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքին ապօրինի կերպով պահուող 16 հայ պատանդների նկատմամբ սպասուող կեղծ “դատավարութեան”։ Սա մի գործընթաց է, որ նպատակ ունի փոշիացնելու նրանց արդար իրաւունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օր ըստ օրէ ուժգնացող հայատեաց քաղաքականութիւնը:
Այդ “դատավարութիւնը”, որ իրականացւում է առեւանգուած եւ ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահուող հայերի դէմ՝ ակնյայտ շինծու մեղադրանքներով եւ բազմաթիւ ընթացակարգային իրաւախախտումներով, չի կարող օրինական համարուել։ Աւելի՛ն, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմը ուղղակիօրէն փորձում է օրինականացնել ցեղասպանական քաղաքականութիւնը, որ արդէն երկար տարիներ վարում է բոլոր հայերի եւ յատկապէ՛ս Արցախի ժողովրդի նկատմամբ։
Մենք ակնկալում ենք մարդու իրաւունքներով եւ տարածաշրջանային խաղաղութեամբ մտահոգ պետութիւններից, միջազգային կառոյցներից, իրաւապաշտպան կազմակերպութիւններից, որ գործնական քայլեր կը ձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անյապաղ ազատ արձակման։ Կոչ ենք անում միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին չէզոք դիրքորոշման փոխարէն որդեգրել յստակ եւ սկզբունքային մօտեցում, որով կը դատապարտուի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականութիւնը եւ կը կանխուի ապօրինի դատավարութեան իրականացման որեւէ փորձ։
Ակնկալում ենք նաեւ Հայաստանի իշխանութիւններից, որ հետեւողականօրէն ու վճռականօրէն կը ներկայացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատեաններում եւ բանակցութիւններում։ Հայազգի բոլոր պատանդների իրաւունքների պաշտպանութիւնն ու հայրենիք վերադարձը՝ Հայաստանի պետական մարմինների իրաւական ու բարոյական պարտաւորութիւնն է:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առաւելագոյն զգօնութիւն ցուցաբերել տեղեկատուական-հոգեբանական գրգռութիւններին, որոնց նպատակն է խարխլել ազգային միասնականութիւնը։
Յորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատուական դաշտում եւ չթիրախաւորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ յայտարարութիւնների համար, որոնք կարող են արուել անմարդկային բռնաճնշումների ներքոյ։ Յիշեցնում ենք, որ պատանդների որեւէ յայտարարութիւն կամ ցուցմունք կարող է խեղաթիւրուել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգօնություն ու ազգային պատասխանատւութիւն ցուցաբերել այս իրավիճակում:
Ադրբեջանական բանտերում խոշտանգւում եւ դատարաններում դատապարտւում ենք մենք բոլորս՝ յանձինս մեր պատանդառուած հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրաւունքների պաշտպանութիւնն ու անյապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատուութեան ու բարոյական պարտաւորութիւնների հարցն է՝ անկախ ոեւէ անձի հանդէպ այս կամ այն վերաբերմունքից:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է իր յանձնառութիւնը՝ իր ունեցած հնարաւորութիւնների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքներն ու հաւաքական շահերը, որի կարեւոր բաղադրիչներից մէկն էլ գերեվարուած հայերի անյապաղ վերադարձն է հայրենիք»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։