Search
Close this search box.

Նախագահ Յարութիւնեան. «Յոյս ունենք, որ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութիւնը օր առաջ կը դադարեցուի՝ միջազգային գործուն ու խիստ միջամտութեան շնորհիւ» 

Յուլիս 31-ին, Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Դիմագիրքի իր էջին գրառումով կը հաղորդէ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում մարդասիրական իրավիճակը օր ըստ օրի ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է սահմանափակումները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսեւորումը եղաւ միջազգային մարդասիրական իրաւունքի պաշտպանութեան տակ գտնուող Վագիֆ Խաչատրեանի առեւանգումը ապօրինի անցակէտից: Միւս կողմից, որոշակի աշխուժութիւն է նկատւում իրավիճակի կարգաւորման նպատակով իրականացուող միջազգային հարթակներում:

Ամփոփելով այս օրերին մեր եւ միջազգային դերակատարների կողմից իրականացուող որոշ գործընթացների միջանկեալ արդիւնքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրոյց տալ Արցախի հանրային հեռուստատեսութեան: Այդ միջոցով հնարաւորինս բաց կերպով կը ներկայացնեմ իրավիճակը, վտանգներն ու հեռանկարները: Այնուհետեւ, գործող քաղաքական բոլոր շրջանակների հետ կը սկսեմ խորհրդակցութիւններ՝ մեր անելիքները քննարկելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:

Մենք յոյս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացուող ցեղասպանական քաղաքականութիւնը օր առաջ կը դադարեցուի միջազգային գործուն ու խիստ միջամտութեան շնորհիւ: Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները եւ գտնելու լուծումներ, սակայն դրա համար նոյնպէս անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրաւում ու երաշխիքներ»։