Search
Close this search box.

Նիկոլ Փաշինեան.– «Յանուն մեր անկախութեան ու պետականութեան՝ պէտք է մեր պատմութեան ու աշխարհընկալման հետ առերեսուելու կամք ունենանք» 

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրի ընդունման 32-ամեակի առիթով շնորհաւորական ուղերձ մը յղած է, ուր մասնաւորապէս նշուած է.-

«Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը: 1990 թուականի Օգոստոսի 23-ին Գերագոյն խորհուրդի կողմից ընդունուած Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնն անկախ պետութեան հաստատման գործընթացի սկիզբ է դնում:

Մեկնարկած այդ գործընթացը դէ իւրէ աւարտուեց 1991 թուականի Սեպտեմբերի 21-ի անկախութեան հանրաքուէով և միջազգային հանրութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան ճանաչմամբ:

Դէ ֆակտօ այդ գործընթացը չի աւարտուել մինչև օրս, ոչ թէ այն պատճառով, որ անկախութիւն չունենք, այլ այն պատճառով, որ անկախութիւնը նման է առողջութեան, որն ունենալով նոյնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամէն օր: 

Կառավարութիւնն ամէն օր պայքարում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան համար: Անկախութիւնը մեզ համար անվտանգութիւն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցաւօք արտայայտուեց Լեռնային Ղարաբաղում:

Անկախութիւնը կարգաւորուած յարաբերութիւններ են հարևանների հետ. մենք թէև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն յարաբերութիւններ, միւս մասի հետ յարաբերութիւններում որևէ էական առաջընթաց չի արձանագրւում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:

Անկախութիւնը մեզ համար ամուր դաշնակցային յարաբերութիւններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դէմ:

Անկախութիւնն առերեսում է, և յանուն մեր անկախութեան ու պետականութեան՝ մենք պէտք է ինքներս մեզ հետ, մեր պատմութեան ու աշխարհընկալման հետ առերեսուելու կամք ունենանք: Անկախութիւնը մտածողութիւն է, պետականակենտրոն մտածողութիւն, և սրա չգոյութիւնը մսխում է ինքնիշխանութիւնը, անվտանգութիւնը, ապագան:

Անկախութիւնն ազատութիւն է, և մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետութիւն ստեղծել է այնտեղ իրեն ազատ և անվտանգ զգալու համար: Անկախութիւնը կրթութիւն է, և քանի դեռ ամենահեռաւոր գիւղում ապրող իւրաքանչիւր երեխայի կրթութիւնը նոյնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար:

Անկախութիւնն իրաւակարգ է, օրէնքի, իրաւունքի գերակայութիւն. օրէնքը յարգելը և ոչ թէ այն շրջանցելը պիտի լինի առաւելութեան նշան:

Անկախութիւնն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պէտք է ստեղծի և արարի և ոչ թէ մսխի ու փչացնի:

Անկախութիւնը նման է աստուածաշնչեան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևեալն է. ով ունի, նրան կը տրուի, իսկ ով չունի, նրանից նոյնիսկ իր ունեցածը կը վերցուի:

Եւ, հետևաբար, ունենանք Անկախութիւն, կ՚ունենա՛նք Անկախութիւն:

Շնորհաւորում եմ բոլորիս Օգոստոսի 23-ի առիթով»: