Ազգային-քաղաքական գործիչ, բարերար Ռուբէն Վարդանեան տեղեկացուցած է, որ Նոյեմբերի սկիզբը կը ստանձնէ Արցախի Պետական նախարարի պաշտօնը:
Ան այս առթիւ իր Դիմագիրքի էջին գրած է.-
«Հայաստանի ու Արցախի շուրջ ծաւալուող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրուող իրավիճակը, որից, առանց չափազանցութեան, կախեալ են թէ՛ Հայաստանի, թէ՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:
Ես գիտակցում եմ, որ այլեւս երկար մտածելու ժամանակ չկայ, եւ այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան Արցախցիների կողքին գտնուելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատւութիւնն ստանձնելը։ Մէկուկէս ամսուայ ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների եւ ընկերային տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետութեան Պետական նախարարի պաշտօնում իմ թեկնածութեանը եւ յանձին ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կը համախմբի բոլոր առողջ ուժերին եւ կը ղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։ Նոյեմբերի սկզբին պաշտօնապէս կը ստանձնեմ Արցախի Պետական նախարարի պարտականութիւնը եւ այդ ժամանակ կը ներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակայ առաջնահերթ խնդիրները, ինչպէս նաեւ կը տեղեկացնեմ ձեռնարկուելիք առաջին քայլերի մասին։ Մինչեւ Հոկտեմբերի վերջ կը շարունակեմ մեր ծրագրերի ձեւաւորմանն ուղղուած հանդիպումները»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։