Search
Close this search box.

Սամուէլ Բաբայեան. «Այս խաղաղութեան պայմանագրով մենք գնում ենք պատերազմի»

NEWS-am-ին տուած հարցազրոյցին, Արցախի Անվտանգութեան խորհուրդի նախկին նախագահ Սամուէլ Բաբայեան յայտարարած է.

“Խաղաղութեան պայմանագիրը Հայաստանի իշխանութիւնը փաթեթաւորում է այնպէս, որ 20-25 տարի յետոյ իմ թոռները պատերազմեն։ Իրենց թւում է, որ գնում են խաղաղութեան, բայց դա խաղաղութիւն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից յետաձգում են յաջորդ սերունդի վրայ:

100 տարի առաջ ցեղասպանութիւն է եղել, եւ Հայաստանի որեւէ նախագահ, որ փորձում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, նա դաւաճան է դառնում: Գնում է արտասահման, լոլիկով ու հաւկիթով խփում են: Այսօր էլ նոյնկերպ Սփիւռքը գրեթէ ամբողջովին արհամարհում է այսօրուայ գործող իշխանութիւններին:

Ես ասում եմ՝ եթէ Ադրբեջանում կան գրագէտ, մտածող մարդիկ, որպէսզի մեր ժողովուրդները, որոնք 300 տարի իրար հետ կռւում են, եւս 300 տարի չշարունակեն կռուել, պէտք է խաղանք մեր խաղը: Այսքան ժամանակ մենք չենք որոշել, գերտէրութիւններն են որոշել, որոնք իրենց շահերն են առաջ տարել:Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք մեր խաղը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցուած: Ադրբեջանը պէտք է գիտակցի, որ Արցախը պէտք է լինի ինքնավար հանրապետութիւն, այդ ժողովուրդը պէտք է վերադառնայ, խաղաղութիւն լինի, երկու ժողովուրդները հաշտուեն: Տարածաշրջանը գնայ տնտեսական, քաղաքական, լոգիստիկ համարկման ճանապարհով: Սա է մեր ապագան”: