Մարտ 23-ին, Գիւմրիի մէջ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինեան ներկայացուցած է, թէ ո՞րն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաքելութիւնը։
“Իմ գնահատմամբ շատ կարեւոր է արձանագրել, թէ ի՞նչ է մեզ հետ տեղի ունենում։ Ես, օրինակ, այս խնդրի, այս հարցի պարզաբանմանը շատ ժամանակ եմ տրամադրում, որովհետեւ պէտք է արձանագրել, որ մեզ հետ տեղի ունեցածը, շատ իրադարձութիւններ եւ իրավիճակներ ցնցում են մեզ համար. դրանք թէ՛ պետութեան առումով են ցնցում, թէ՛ մեզանից իւրաքանչիւրի համար անհատական առումով են ցնցում։ Բայց շատ կարեւոր է հասկանալ, թէ ի՞նչ է տեղի ունենում եւ ինչո՞ւ։
Երկու օր առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխան տեղի ունեցաւ, եւ պատգամաւորներից մէկը իր հարցի մէջ օգտագործեց պատմական Հայաստան արտայայտութիւնը, ես էլ հակադարձեցի, որ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես իրական Հայաստանի, ա՛յս Հայաստանի վարչապետն եմ։ Եւ ես ուզում եմ ձեզ հետ կիսել այն միտքը, որ իմ կարծիքով, տեղի է ունենում ունենում. առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաեւ ֆիզիքապէս շատ ցաւոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան”,– ընդգծած է վարչապետը։
Ան կարեւոր նկատած է այս գործընթացին հետ առերեսիլ՝ որպէս Հայաստանի մէջ կառավարող ուժ։
“Մենք պէտք է այս գործընթացը հասկանանք եւ այս գործընթացի մասին մենք պէտք է նախ ինքներս մեր մէջ խօսենք եւ յետոյ խօսենք ժողովրդի հետ”,– ըսած է Փաշինեան եւ շարունակած. “«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաքելութիւնն է առաջնորդել եւ ապահովել Հայաստանի ժողովրդի եւ պետութեան անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան եւ ապահովել իրական Հայաստանի հաստատութենական զարգացումը։
Կարծում եմ, որ եթէ մենք այս ընտրութիւնը չկատարենք եւ պատմական Հայաստանը լինի մեր գործողութիւնների հիմնաւորումը, ես վախենամ, որ շատ մեծ կը դարձնենք հաւանականութիւնը, որ իրական Հայաստանը կը դառնայ պատմական Հայաստան”,– եզրափակած է ան։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։