Search
Close this search box.

Ֆրանսայի Հայոց թեմի յայտարարութիւնը Սարդարապատի յուշահամալիրին մէջ տեղի ունեցած միջադէպին մասին

«Ականատես եղանք Մայիսի 28-ին Հանրապետութեան տօնի առթիւ Սարդարապատի յուշահամալիրի մէջ տեղի ունեցած ցաւալի եւ ամօթալի միջադէպին, թէ ինչպէս էին ոստիկանական եւ կառավարական անվտանգութեան աշխատակիցները խոչընդոտում Ամենայն հայոց հայրապետի եւ Նորին սրբութեան ուղեկցող հոգեւորականների մուտքը Սարդարապատի յուշահամալիր՝ հոգեհանգստեան աղօթքի եւ յարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներու յիշատակին։

2018 թուականից ի վեր ակնյայտօրէն ոտնահարւում է Հայոց եկեղեցու պատմականօրէն եւ Սահմանադրութեան մէջ ընդգծուած կարեւորութիւնը, ուրացւում եւ մոռացութեան է տրւում կոյրին անգամ տեսանելի այն աւանդը, որ Հայոց եկեղեցին ունի Մայիսեան հերոսամարտերում յաղթանակի, պետականութեան կայացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում։

Այսու, Ֆրանսահայոց թեմը եւ հաւատաւոր ժողովուրդը, ի գլուխ ունենալով առաջնորդ Տէր Գրիգոր վրդ. Խաչատրեանին եւ ողջ հոգեւորականաց դասին, իր որդիական խոնարհումն ու զօրակցութիւնն է յայտնում Նորին սրբութեան, եւ խստիւ դատապարտում է իշխանութիւնների ամօթալի ու ապազգային գործունէութիւնը եւ կոչ է անում դրսեւորել սթափութիւն՝ սրբագրելու իրենց մոլոր ընթացքը։

Տակաւին 4-րդ դարում Սուրբ Յովհան Ոսկեբերանի կողմից հռչակուած այս բացարձակ ճշմարտութիւնը, թող այդ սթափութեան մեկնակէտը դառնայ. “Այսպիսին է Եկեղեցու մեծութիւնը. երբ յարձակւում են, Նա յաղթում է, երբ դաւադրութիւն են խորհում Նրա դէմ, Նա փայլատակում է, ճնշում են` նա փառաւորւում է. վէրքեր է ստանում եւ չի հիւծւում, չի խեղդւում ալիքների կատաղութեան մէջ, չի տուժում նաւաբեկութեան եւ փոթորիկների ժամանակ, անպարտելի է պայքարում, անյաղթելի` մարտում”»։