«Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգաւոր են Արցախի Հայերի կենսական իրաւունքների համար եւ խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականութիւնից պաշտպանութիւնը»,– նշուած է ՀՀ եւ Արցախի Հնարապետութեան Մարդկային իրաւանց պաշտպաններու հրապարակած յայտարարութեան մէջ:
«Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգաւոր են Արցախի Հայերի կենսական իրաւունքների համար եւ խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականութիւնից պաշտպանութիւնը։
ՀՀ վարչապետի հրապարակային խօսքերում ամբողջութեամբ անտեսուած է, որ ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են պետական հովանաւորութեամբ հայատեացութեան ու թշնամանքի քաղաքականութիւնը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանութիւն է, որքան ադրբեջանական իրականութիւնում տարիներով հետևողականօրէն կենսագործուող թշնամանքի քաղաքականութիւն (կրթութիւն, մշակոյթ, մարզանք և այլն): Այն յատկապէս յարձակողական է Արցախի ժողովրդի նկատմամբ:
ՀՀ վարչապետի խօսքում անտեսուած է, որ դեռ 1923 թուականին 95% հայկական բնակչութիւն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղուած է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականութիւնը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագութիւններով և այլ անօրինական միջոցներով:
Հայատեացութեան ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականութիւնն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում յանգեցրեց Արցախում զանգուածային ցեղային զտումների՝ թիրախային աւերելով քաղաքներն ու գիւղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանութիւններով, սպանութիւններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով:
Պատերազմից յետոյ ադրբեջանական զինուած ծառայողները, Բաքուի իշխանութիւնների հովանաւորութեամբ, ամէն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրաւունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանութիւնների, խաղաղ բնակավայրերի ուղղութեամբ կրակոցների, գողութիւնների, հեռախօսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնոյթի այլ յանցաւոր արարքներով: Ամէն օր ոտնահարւում է Արցախում ապրող մարդկանց արժանապատւութիւնը:
Բնոյթով նոյն խախտումները, նոյն յանցաւոր արարքները ամէն օր շարունակւում են նաև Հայաստանի բնակչութեան նկատմամբ:
Թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինուած ծառայողները գործում են յանցաւոր անպատժելիութեան պայմաններում: Չկան մարդու իրաւունքների պաշտպանութեան երաշխիքներ:
ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգաւոր. դրանք հիմնաւորում են քաղաքական հարցերի գերակայութիւնը մարդու իրաւունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրաւունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և աւելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրաւունքների խախտումների վտանգները. հէնց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանութիւնները:
Այս քաղաքականութեամբ է, որ ադրբեջանական իշխանութիւնները անընդհատ խոչընդոտել են, ամէն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, Արցախահայութիւնը իրենց իրաւունքների պաշտպանութիւնից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրութիւնը մոլորեցնելու նպատակային քաղաքականութիւն:
Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրաւունքներն ու այդ իրաւունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանութիւնն ամէն գնով խոչընդոտելու քաղաքականութիւնն է պարարտ հող ստեղծել այն դաժանութիւնների ու վայրագութիւնների, ցեղային զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրեայ պատերազմի ընթացքում:
Հայաստանի և Արցախի մարդու իրաւունքների պաշտպանների համար խաղաղութիւնը բացարձակ արժէք է, բայց ադրբեջանական իշխանութիւնների յայտարարած խաղաղասիրութիւնը կեղծ է, այն մի՛այն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դէմքը կեղծիքներով քօղարկուած պահելու նպատակ:
Ուստի, բոլորին խստիւ յորդորում ենք դադարեցնել մարդու իրաւունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրաւունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպէս նաև զերծ մնալ յատկապէս միջազգային ատեաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականութիւնից մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:
Արման Թաթոյեան
Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան
Գեղամ Ստեփանեան
Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան»: