Modern Website Header
Website Header with Working Banner

Արթուր Վանեցեան մերժած է ԱԺ պատուիրակութեան կազմին մէջ ԱՄՆ մեկնիլ

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեան չեղեալ նկատած է խորհրդարանական պատուիրակութեան կազմին մէջ ԱՄՆ իր այցելութիւնը: Այս մասին Դիմագիրքի իր էջին գրած է «Հայրենիք» կուսակցութեան մամլոյ քարտուղար Սօս Յակոբեան:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Վանեցեանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատուիրակութեան կազմում: Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է՝ սահմանափակել ընդդիմութեան ներկայացուցչի մասնակցութիւնը Ուաշինկթընում նախատեսուող կարևոր աշխատանքային հանդիպմանը:

Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցեանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանբեր Նենսի Փելոսիի հետ հանդիպումին հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացուել Վանեցեանին չներառել այդ կազմում: Փաստօրէն, իշխանութիւնը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի բանբերի հետ հանդիպմանը ընդդիմութեան ներկայացուցչի կարիք չկայ և հանդիպմանը հայկական կողմից կը մասնակցեն ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը, “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: Արթուր Վանեցեանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակայարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխութեան պայմաններում այցը կը կրէր ընդամէնը արարողակարգային բնոյթ:

Իշխանութեան այս գործելաոճն աննախադէպ ու անընդունելի է՝ առաւել ևս հաշուի առնելով Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական կառավարման համակարգը:

Միջադէպը հերթական անգամ ցոյց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակոյթ և ցանկութիւն այն զարգացնելու:

Մտածելու տեղի են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդեօ՞ք խնդիրը միայն իշխանութեան կողմից ժողովրդավարութեան այլասերուած ընկալումն է, այլակարծութեան նկատմամբ անհանդուրժողականութիւնն ու ընդդիմութեան նկատմամբ անյարգալից վերաբերմունքը, թէ՞ առկայ է նաև հանդիպման բովանդակութիւնը թաքցնելու մտադրութիւն:

Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարուած՝ ՀՀ հեղինակութեանը: Հնարաւոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողութիւնը պէտք է արմատախիլ արուի:

Յ.Գ.  Այս ամէնի մասին պատշաճ կերպով կը տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»: