Արցախի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարարութիւնը Յունուար 10-ի թշնամական արարքներու կապակցութեամբ հրապարակած է ստորեւ տրուած հաղորդագրութիւնը.-
«Յունուարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտօրէն խախտել է զինադադարը՝ թիրախաւորելով Արցախի Հանրապետութեան Մարտունու շրջանի Կարմիր Շուկայ-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական կառոյցները։
Նման գործողութիւններն Ադրբեջանում պետական մակարդակով վարուող հայատեաց և նացիստական քաղաքականութեան դրսևորումներ են, որոնք ևս մէկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանութիւնների “խաղաղասիրական” յայտարարութիւնները ո՛չ մի աղերս չունեն Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ այդ երկրի ահաբեկչական և ծաւալապաշտական նպատակների հետ։
Ռազմական գործողութիւնների դադարեցումից ի վեր Ադրբեջանի յարձակողական կեցուածքը ձեռք բերուած համաձայնութիւնների, միջազգային իրաւունքի չափանիշերի և մարդասիրական սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտուած Արցախի Հանրապետութեան հասարակութեան ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելութեան գործունէութեան խափանմանը։
Հարկ ենք համարում ևս մէկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել Արցախցու վճռականութիւնը՝ ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապէս անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Մենք շարունակելու ենք զարգացնել և հզօրացնել մեր հայրենիքը»։