Արցախի Մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեան Մարտ 7-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.-
«Վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատուական աղբիւրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատուածներում հայկական կողմից հրադադարը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչութեանն ուղղուած յանցաւոր ոտնձգութիւնները եւ, միաժամանակ, հող նախապատրաստել յաջորդող արարքների ու սադրանքների համար։
Մարտի 6-ին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազէնային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղութեամբ, իսկ այսօր՝ Մարտի 7-ին՝ ժամը 17-ի սահմաններում, նոյն հատուածում կիրառուել է ականանետ, արձակուած արկերը պայթել են գիւղի գերեզմանատան հարեւանութեամբ։ Քաղաքացիական անձանց շրջանակում տուժածներ չկան։
Նկարագրուած գործողություններին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան լծուել է Արցախում խաղաղ բնակչութեան անվտանգութիւնն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերը եւ յատկապէս հրամանատարական կազմը վարկաբեկելու եւ զրպարտելու գործին։
Արցախի ժողովրդի ֆիզիքական եւ հոգեբանական անձեռնմխելիութեան դէմ ուղղուած ադրբեջանական յանցաւոր գործողութիւնները եւ ռուս խաղաղապահներին ուղղուած զրպարտանքները կրում են համակարգային եւ թիրախային բնոյթ, կազմակերպւում են ադրբեջանական իշխանութիւնների իմացութեամբ եւ նրանց հրահանգով։
Արձանագրուող բոլոր դէպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի անառարկելի մտադրութիւնը՝ խաթարելու Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակչութեան բնականոն կեանքը եւ ցեղային զտման ենթարկելու Արցախը»։