34 տարի առաջ Փետրուար 13-ին Արցախի մէջ ծայր առաւ Արցախեան շարժումի համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն ազէրպայճանական լուծէն Արցախի ազատագրութեան եւ Մայր Հայաստանին վերամիաւորման, այլև՝ Հայաստանի մէջ հիմնական փոփոխութիւններու եւ անկախութեան շարժումին:
Այս առթիւ Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարեան Դիմագիրքի իր էջին գրած է.-
«Թէև 2020-ի պատերազմի հետևանքով Արցախը յայտնուել է ծանր դրութեան մէջ, այնուամենայնիւ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցութեամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազաւթմանը և, վերջիվերջոյ, Մայր Հայաստանի հետ միաւորման ու համարկման մակարդակի բարձրացմանը:
Ի դէպ, յատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևաւորումից ի վեր՝ շուրջ 3000 տարի անընդմէջ Հայերը եղել են ճնշող մեծամասնութիւն և ունեցել են ինքնիշխանութեան շարունակական ընթացք ու աւանդոյթներ: Այդ պատմական իրականութիւնը չի փոխուելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիւ:
Շնորհակալութիւն Արցախեան շարժման առաջնորդներին՝ պատմական արդարութեան վերականգնման այս կարեւորագոյն պայքարը մեկնարկելու համար»: