Modern Website Header
Website Header with Working Banner

ԱՐՑԱԽ. Արտակ Բեգլարեան.– «Պատերազմից յետոյ Հայրենիքի վտանգուած ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամբան»

Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարեան Ամանորի առիթով յղած է հետեւեալ ուղերձը.-

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Ահա և հրաժեշտ ենք տալիս դժուարին 2021 թուականին: Անցնող տարին յագեցած էր տարաբնոյթ իրադարձութիւններով, փորձութիւններով, վերականգնման և վեր յառնման կարևոր հանգրուաններով:

Տարին, իսկապէս, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Աւերիչ պատերազմից յետոյ Հայրենիքի վտանգուած ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամբան՝ ամրակապելու հասցուած վէրքերն ու նորոգելու հաւատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեյաջող աւարտին: Կառավարութիւնը շարունակելու է ամենայն պատասխանատւութեամբ իրագործել տեղահանուած մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու առաքելութիւնը:

Առողջապահական, կրթական, ընկերային և միւս ոլորտների շարունակաբար զարգացումը, նոր հաստատութենական կառոյցների եւ վստահելի միջավայրի ստեղծումը մնացել է մեր առաջնահերթութիւնների շարքին: Եւ ես մեծ յոյս ունեմ, որ 2022 թուականը լինելու է իրապէս համախմբումի, նախաձեռութեան, ինքնավերլուծութեան ու ինքնակրթութեան տարի:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց սրտացաւ ու հայրենանուէր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքաւոր հայրենակիցների կողքին, ովքեր անսասան վճռականութեամբ ու հաւատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապէս, Հայոց հայրենիքի հզօրացման ու յաւերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատւութեան աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագայ սերունդների առջև:

Անչափ դժուար է գտնել մխիթարանքի ու երախտագիտութեան խօսքեր անմահութեան ճամբան բռնած Հայրենիքի նուիրեալների հարազատների համար: Մեր միտքը, խօսքն ու գործը ամբողջովին նուիրելու ենք նրանց սուրբ առաքելութեան շարունակմանը՝ Հայրենիքի ազատութեանն ու հզօրացմանը: Խոնարհւում ենք նրանց վառ յիշատակի առջև…

Առանձնայատուկ շնորհակալ եմ ու շնորհաւորում եմ մեր պետութեան անվտանգութիւնն ապահովող զինծառայողներին, ուժային կառոյցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայութիւն Հայրենիքի պաշտպանութեան դիրքերում:

Եւ, ի հարկէ, ջերմագոյն շնորհաւորանքներս եմ յղում մեր փոքրիկներին՝ հաւատով, որ ամանորեայ հրաշքը նրանց կարող է պարգևել մեզանից իւրաքանչիւրը՝ իր նուիրուածութեամբ, հոգատարութեամբ, անչափելի սիրով՝ մերձաւորի և հայրենիքի նկատմամբ, որովհետև հէնց այդ որակներով է հնարաւոր կերտել մեր ապահով ու երջանիկ օջախը, մեր երազանքների երկիրը:

Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի հզօրացման, ընտանեկան երջանկութեան, առողջութեան, յաջողութիւնների, նուիրումի և արգասաբեր աշխատանքի տարի:

Շնորհաւո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ»: