Modern Website Header
Website Header with Working Banner

ԱՐՑԱԽ. Արցախի ՄԻՊ.- “Ազէրպայճանի կողմէ Արցախի պետական խորհրդանիշերու դէմ մոլեգին պայքարը այլատեացութեան վարքագիծի դրսեւորում է”

Արցախի մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեան Դիմագիրքի իր էջին գրած է, թէ Ազէրպայճանի կողմէ Արցախի պետական խորհրդանիշերու դէմ ծաւալած մոլեգին պայքարը Պաքուի իշխանութիւններու եւ լրասփիւռներու՝ Հայերու նկատմամբ այլատեացութեան վարքագիծի դրսևորում է։

«Գորիս-Կապան ճանապարհին անչափահասներ տեղափոխող հանրակառքին վրայ սուիններով Արցախի պետականութեան խորհրդանիշերը մաքրելու դէպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինութիւններից Արցախի դրօշը հեռացնելու պահանջներն Հայերի նկատմամբ Ադրբեջանցիների հանդուրժողականութեան ի սպառ բացակայութեան վառ օրինակներ են։

Պէտք է նկատի ունենալ, որ Արցախի պետականութեան խորհրդանիշերը մեր մշակութային արժէքների անբաժանելի մասն են, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականութիւնը ևս մէկ ապացոյցն է, որ Ադրբեջանը համակարգուած պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժէքների դէմ։

Պետականութեան խորհրդանիշերը Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնութիւնը պահպանելու և ինքորոշման իրաւունքի խորհրդանիշերն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգութիւն ինքնին ուղղուած է մեր ժողովրդի արժանապատւութեան և իրաւունքների ընդհանուր համակարգի դէմ”,- նշած է Ստեփանեան։