Modern Website Header
Website Header with Working Banner

Իրաւապաշտպան Սահակեան.– Ունինք պաշտօնապէս հաստատուած և Պաքուի մէջ պահուող 51 և չհաստատուած 80 գերի, 200 անհետացման պարագայ

Tert am-ին տուած հարցազրոյցին, Մարդկային իրաւանց եւրոպական ատեանին (ՄԻԵԱ) մէջ հայ գերիներու շահերու պաշտպան Սիրանոյշ Սահակեան՝ անդրադառնալով 2021-ին գերիներու վերադարձի ուղղութեամբ տարուող իրաւական գործընթացներուն՝ յայտարարած է, թէ ռազմագերիներուն առնչուող աշխատանքները սկսած են 2020 Հոկտեմբերէն, բայց հիմնական իրաւական գործողութիւնները իրականացած են 2021-ի ընթացքին։ Անյապաղ միջոցներ կիրարկելու դիմումներէն բացի, նախապատրաստուած են բողոքագրեր և ներկայացուած՝ միջազգային ատեաններուն։

“Այս ամէնից բացի մենք մեր ձեռքի տակ եղած փաստերը ներկայացրել ենք դիւանագէտներին կամ միջազգային կառոյցների պաշտօնատար անձանց։ Փորձել ենք այս խողովակներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի քաղաքական գործընթացներում ևս դրական տեղաշարժեր լինեն։ Ընդհանուր առմամբ դատարանները մեր միջնորդութիւնների խնդրանքների մեծ մասը բաւարարել են, սակայն մի փոքր սահմանափակ դիրքերից են հանդէս եկել ազատ արձակելու խնդրի կապակցութեամբ, որը նախ պայմանաւորուած է դատարանների սահմանափակ լիազօրութեամբ և նաև ընթացող քաղաքական գործօններով”,– նշած է Սահակեան, եւ շարունակած.-

“Խնդիրը, ի հարկէ, մնում է չլուծուած և մէկուկէս տարին բաւարար էր, որպէսզի այդ խնդիրները իրենց վերջնական լուծումը ստանային, սակայն հայ-ադրբեջանական յարաբերութիւններում գոյութիւն ունեցող խոչընդոտները արգելում են գործընթացները։ 2022-ին յստակ անելիքներ ունենք։ Մեր թիրախը լինելու է Հայերի հանդէպ յանցագործութիւններ իրականացրած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը և նրա անմիջական կամակտարողները”։

Գերիներու թիւին հետ կապուած տուեալներու վերաբերեալ հարցումին իրաւապաշտպանը պատասխանած է.-

“Մինչև Նոյեմբերի 16-ի դրուագը, մենք ունէինք 40 հաստատուած և դեռևս Բաքւում պահուող գերիներ. այս թիւը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 16-ին ունեցանք շուրջ երեք տասնեակ գերեվարման նոր դէպքեր՝ պաշտօնական տուեալներով 32, որոնցմէ 21-ը վերադարձուել են, 11-ը տակաւին պահւում են Բաքուի մէջ։ Ընդհանուր առմամբ ունենք 51 հաստատուած գերիներ, որոնք գտնւում են Ադրբեջան։ Միևնույն ժամանակ մենք ունենք չհաստատուած գերեվարման դէպքեր, և այդ խումբը գտնւում է խոցելի վիճակում, նրանք գտնւում են անյայտութեան մէջ և նրանց ճակատագրերի առնչութեամբ նոր տեղեկութիւն չեն տրամադրում, այլ կերպ ասած՝ նրանք ենթարկուել են բռնի անհետացման։ Այս գործերի քանակը շուրջ 80 է. կան անհետացման դէպքեր, որոնք շուրջ 200 են։ Այդ 80 գերիների հարցով ջանքեր պէտք է գործադրուեն, որպէսզի նրանց գերեվարումը պաշտօնականացուի` անկախ հետագայ դէպքերից։ 2020-ի պատերազմի հետեւանքով շուրջ 135 գերեվարուածներ հայրենադարձուել են”։

Անդրադառնալով վերադարձած գերիները ձերբակալելու հարցին՝ Սահակեան նշած է.-

“Ես կարծում եմ, որ մեր երկրում կալանքը որպէս խափանման միջոց չարաշահւում է։ Այն իրականացւում է պատժիչ նպատակով, վարոյթ իրականացնող մարմինները փոխանակ բարձրացնեն իրենց արհեստավարժութեան մակարդակը՝ ապահովելու համար գործերի առարկայական քննութիւնը, նրանք սովետական հոգեբանութեամբ փորձում են ճնշումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրայ կառուցել քրէական գործեր։ Իրենց ցանկալի կարճ և ոչ-հեռանկարային ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով օգտագործում են կալանքը՝ որպէս պատժիչ միջոց։ Ցաւօք սրտի այդ գործելաձեւը կիրառուեց շատ խոցելի և զգայուն խմբի նկատմամբ”։

Իրաւապաշտպանը ընդգծած է, թէ այդ քայլը՝ բացասական արձագանգ ունեցած է  Հայաստանի արտաքին քաղաքական պատկերի տեսանկիւնէն։

“Մենք տեսանք նաև թէ ինչպէս Ալիևը Հայաստանին մեղադրեց գերիները խոշտանգելու մէջ։ Այն գործողութիւնները, որը կատարում էին նրանք, վերագրեցին Հայաստանի իշխանութիւններին։ Ներպետական իրաւական տրամաբանութեամբ էլ այս կալանաւորումը գնահատում ենք ոչ-իրաւաչափ. բանտարկուածները չունեն օրէնքով նախատեսուած հիմքեր, նաև ապահովուած չէ համաչափութիւնը։ Այդ խնդիրը կարելի էր լուծել աւելի մեղմ խափանման միջոցի ընտրութեամբ։ Ես և իմ գործընկերները` Ռուբէն Մելիքեանն ու Դաւիթ Աւագեանը, որպէս պաշտպանեալներ ենք ներգրաւուել երկու ձերբակալուածների գործերին. մենք վիճարկելու ենք խափանման միջոց կալանքը, և հետագայում փաստերով դիմելու ենք ՄԻԵԱ-ին։ Վստահօրէն կարող եմ ասել, որ փախուստի հեռանկարներ չկան.  այդ տղաները հրաժարուել են գնալ երրորդ երկիր և եթէ ցանկութիւն ունենային փախչել, ուղիղ ճանապարհով կը գնային”,– յայտնած է Սահակեան։