Հայաստան Թուրքիոյ առաջարկած է առաջին փուլին բանալ ցամաքային սահմանը դիւանագիտական անձնագրեր ունեցող անձերու համար, սակայն թրքական կողմը կը յապաղի։ Լուրը հաղորդած է ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար Վահան Յունանեան։
Ան մեկնաբանած է նաև Թուրքիոյ ԱԳ նախարարին յայտարարութիւնները՝ հանդիպումը Հայաստանի կամ Թուրքիոյ մէջ կայացնելու համարձակ քայլերու անհրաժեշտութեան վերաբերեալ։ Այս կապակցութեամբ Յունանեան պատասխանած է «Արմէնփրէս»-ի հարցումներուն.-
– Որտե՞ղ եւ ե՞րբ է նախատեսւում Հայաստանի ու Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների յաջորդ հանդիպումը:
– Կողմերի միջեւ կայ սկզբնական ըմբռնում, որ յաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկէտը եւ վայրը ճշդուելու պարագային հանրութիւնը պատշաճ կերպով կը տեղեկացուի։
– Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրոյցում նշել է, թէ իրենք կը ցանկանային, որ հանդիպումը տեղի ունենար Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով:
– Կարգաւորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում եւ Թուրքիայում եղել են՝ թէ՛ բանակցողների, թէ՛ նոյնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպէս գիտէք, դրանք արդիւնքի չեն յանգեցրել: Նկատի ունեմ՝ կարեւորը կարգաւորման հասնելու քաղաքական կամքն է եւ յստակ՝ առարկայական քայլերի դիմելու պատրաստակամութիւնը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, եւ նոյնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթէ կամքը լինի, հանդիպումների վայրը կը դառնայ զուտ թեքնիք հարց։
Աւելի՛ն, յատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում եւ Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջութեամբ երկկողմ բնոյթ ունի։ Այս պարագային տրամաբանական կը լինէր, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսէինք գրեթէ ամէնշաբաթեայ յայտարարութիւններ այն մասին, թէ իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգումով։
– Նախարար Չաւուշօղլուն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ խօսելիս նշել է նաեւ համարձակ քայլերի անհրաժեշտութեան մասին: Ինչպէ՞ս կը մեկնաբանէիք այս հարցը:
– Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտութեան հետ։ Մենք բազմիցս ցոյց ենք տուել առաջ շարժուելու պատրաստակամութիւն, այդ թւում՝ Անթալիայի դիւանգիտական խորհրդաժողովին ԱԳ նախարարի մասնակցութեամբ, տնտեսական շրջափակման վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ թռիչքների վերականգնումը նոյնպէս երկկողմ կարեւոր քայլ էր:
Համոզուած ենք, որ առաջ շարժուելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական յստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիւանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը յապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական քայլ է, կարեւորը՝ տրամաբանական քայլն է: Յոյս ունենք՝ հնարաւոր կը լինի այս հարցում հասնել արդիւնքի: