Փետրուար 3-ին, Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցութիւնները հրապարակած են հետեւեալ յայտարարութիւնը.-
«Հայաստանում գործադիր իշխանութիւնը հերթական յարձակումն է նախաձեռնել դատարանների անկախութեան նկատմամբ:
Քաղաքակիրթ աշխարհում աննախադէպ է, որ դատաւորի կայացրած դատական ակտը վերաքննութեան կարգով բողոքարկելու փոխարէն իրաւապահները քրէական հետապնդման ենթարկեն դատաւորին: Նշուածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածուելու է իրաւապահներից կախեալ գործիքի:
Այս ապօրինութիւնների շղթան տեղի է ունեցել Բարձրագոյն դատական խորհրդի միաձայն աջակցութեամբ և միջազգային հանրութեան, Հայաստանում հաւատարմագրուած դեսպանների լռութեան ներքոյ:
Յատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիւ խայտառակ յարձակումներին, վերջին շրջանում իշխանութիւնների համար անցանկալի դատաւորների նկատմամբ կարգապահական վարոյթներին, քրէական հետապնդումներին, այժմ արդէն դատաւորին ապօրինի կալանաւորելու գործընթաց է սկիզբ առել: Վարչական դատարանի, Դատաւորների միութեան նախագահի և մասնագիտական հանրոյթի՝ հրապարակային կերպով արտայայտած մտահոգութիւնները վկայում են, որ դատական իշխանութեան նկատմամբ իրականացուող յարձակումները և իրաւական ամենաթողութիւնը հասել են աննախադէպ ծաւալների։
Հաշուի առնելով վերոնշեալը՝ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծուել դատական իշխանութեան և դատաւորներին իշխանական յարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանութեան մարմիններին, դատաւորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառուող բռնաճնշումների վերաբերեալ յստակ դիրքորոշում արտայայտելուց:
Միջազգային կառոյցների ուշադրութիւնն ենք հրաւիրում և պահանջում, իրենց լիազօրութիւններին համապատասխան, արձագանգել ՀՀ–ում ժողովրդավարութեան տապալման աղաղակող փաստերին և գիտակցել իրենց պատասխանատւութեան բաժինը։
“Հայաստան” խմբակցութիւն
“Պատիւ ունեմ” խմբակցութիւն»
Ի՞նչէայսյայտարարութեանդրդապատճառը։
Փետրուար 2-ին Բարձրագոյն դատական խորհուրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրեանի որոշումով կասեցուած են դատաւոր Բորիս Բախշիեանի լիազօրութիւնները՝ մինչև վերջինիս նկատմամբ յարուցուած քրէական գործի աւարտը։
Փետրուար 1-ին ԲԴԽ–ն ընդառաջած էր Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Բորիս Բախշիեանի նկատմամբ քրէական հետապնդման ձեռնարկելու և զայն ձերբակալելու արտօնութիւն ստանալու վերաբերեալ ՀՀ գլխաւոր դատախազի դիմումին։
Բորիս Բախշիեան «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատաւորն է։ Անոր որոշումով Մինասեանը կալանքէն ազատուած էր Յունուարի 26-ին։ Բայց հակառակ դատաւորին այս որոշումին՝ անոր դէմ քրէական հետապնդում կատարելու գործընթաց սկսուած է, համաձայն՝ ՀՀ քրէական օրէնսգիրքի 348-րդ յօդուածի 3-րդ մասի (անձի ապօրինի կալանաւորում, որ յառաջացուցած է ծանր հետևանք)։