Modern Website Header
Website Header with Working Banner

ՀՀ ԱԳՆ.– «Հայատեացութիւնը եւ ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականութիւնը» 

Սումկայիթ քաղաքի հայ բնակչութեան ջարդերու 34-րդ տարելիցին կապակցութեամբ, ՀՀ ԱԳՆ-ն հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.-

«34 տարի առաջ՝ Փետրուարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանութիւնների ծրագրումով եւ իրաւապահների թողտւութեան պայմաններում իրականացուեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան ջարդերը, որոնց զոհ գնացին հարիւրաւոր Հայեր, այդ թւում՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, իսկ հազարաւորները` բռնի տեղահանուեցին։

Հայերի դէմ կազմակերպուած զանգուածային սպանութիւնները և խոշտանգումները, որոնք նպատակ ունէին բռնի ուժով ճնշել Արցախի Հայութեան ժողովրդավարական կամարտայայտումը և առկայ իրաւական գործիքակազմերի հիման վրայ իր ինքնորոշման անքակտելի իրաւունքի իրացումը, հետագայում շարունակուեցին Բաքւում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց Հայերի նկատմամբ հաւաքական պատժի քաղաքականութեան իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ լայնածաւալ պատերազմի սանձազերծման։

Սումգայիթում տեղի ունեցած Հայերի ջարդերը միջազգային լայն արձագանգ ստացան, համապատասխան դատապարտող բանաձեւ ընդունուեց Եւրոպական խորհրդարանի կողմից։

Շարունակելով նոյն քաղաքականութիւնը՝ 2020 Սեպտեմբերի 27-ին Արցախի դէմ յարձակման ընթացքում ադրբեջանական զինուած ուժերն ամբողջական ցեղային զտումների ենթարկեցին իրենց վերահսկողութեան ներքոյ յայտնուած բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշուեյարդար տեսնելով բազմաթիւ պատանդառուած քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների նկատմամբ, ոչնչացուեցին եւ վանդալիզմի ենթարկուեցին հայկական մշակութային եւ կրօնական կոթողներ ու սրբավայրեր։

2021 Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից “Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին” միջազգային համաձայնագրի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերեալ որոշումը ցոյց տուեց, որ Սումգայիթի ոճրագործութիւնից աւելի քան երեք տասնամեակ անց Ադրբեջանի կողմից շարունակւում է Հայերի նկատմամբ ցեղային ատելութեան եւ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութիւնը:

Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործուած զանգուածային յանցագործութիւնների անմեղ զոհերի յիշատակին եւ արձանագրում, որ հայատեացութիւնը եւ ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականութիւնը, ինչն ակնյայտօրէն հակասում է խաղաղ, զարգացող եւ կայուն տարածաշրջան ունենալուն ուղղուած տարածաշրջանային եւ միջազգային ջանքերին»։