Modern Website Header
Website Header with Working Banner

ՀՀ եւ Արցախի ՄԻՊ-երն այցելած են շարք մը բնակավայրեր

Աղաւնոյ գիւղին մէջ մարդիկ կանգնած են խմելու եւ ոռոգման ջուրի լուրջ խնդիրներու դէմ-յանդիման

«Փաստերը կ՚ապացուցեն, որ Արցախի մէջ ազէրպայճանական զինեալներու յանցաւոր արարքները յարձակողական դրսևորումներ ունին»

ՀՀ Մարդկային իրաւանց պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյեան ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեան Փետրուար 14-էն 16 այցելած եւ փաստեր հաւաքած են 44-օրեայ պատերազմէն ետք Արցախի Հանրապետութեան Թաղավարդ, Կարմիր շուկայ, Աղաւնոյ, Խրամորթ և շարք մը այլ համայնքներուն մէջ բնակչութեան իրաւունքներու ոտնահարման վերաբերեալ։

Մարդկային իրաւանց պաշտպաններուն հրապարակած հաղորդագրութենէն ի յայտ կու գայ, որ Թաղավարդ և Կարմիր շուկայ գիւղերուն ուղղութեամբ կրակոցները գրեթէ ամէնօրեայ բնոյթ կը կրեն:

Ստորեւ՝ Հայաստանի եւ Արցախի իրաւապաշտպաններու միացեալ հաղորդագրութիւնը.-

«Ընդամէնը մի քանի օր առաջ՝ Փետրուարի 11-ին, ադրբեջանական զինուած ուժերը կրակել են բնակելի տների ուղղութեամբ:

Վնասուել են տների պատերը, տանիքները: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: 

Ադրբեջանական զինուած ծառայողներ կը գտնուին այս համայնքների բնակելի տների դիմացը՝ ընդամէնը մի քանի հարիւր մեթր հեռաւորութեան վրայ, եւ բնակիչները նրանց ամբողջական դիտարկման ներքոյ են: Նրանք տեղակայուել են մարդկանց պատկանող հողերի վրայ՝ արօտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր:

Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղղակի ադրբեջանական զինուորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրոյցներից ու քննարկումներից պարզուել է, որ կրակոցներ են արձակւում նաև դպրոցի ուղղութեամբ եւ թիրախային են:

Աւելի՛ն, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից յատուկ լոյսեր են արձակում դէպի բնակելի տները, այդ թւում՝ տների մէջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Յաճախ են դա անում յատկապէս երեկոյեան ու գիշերը: Ընդ որում, Արցախում գտնուելու ժամանակ ինքներս տեսանք եւ համոզուեցինք, որ դրանք ադրբեջանական յանցաւոր արարքներ են։

Մասնաւորապէս, Փետրուարի 15-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում ադրբեջանական զինուած ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղում գիւղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց վրայ, որի հետևանքով խոցուել է տրակտորի ակը:

Փետրուարի 16-ին առաւօտեան ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակում Խրամորթի բնակիչները գիւղի տարածքում գտնուող խաղողի այգում աշխատելու պահին զինուած ծառայողները մօտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց: Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծ մասը կանայք են եղել:

Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գիւղատնտեսական աշխատանքների համար փորձում են մօտենալ իրենց ա՛յն հողատարածքներին, որոնք նոյնիսկ մի քանի հարիւր մեթր հեռաւորութեան վրայ են, ադրբեջանական ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են:

Այս արարքներով մարդկանց համար առաջացել են լուրջ ընկերային խնդիրներ: Հնարաւորութիւն չի տրւում վաստակել ընտանիքի եկամուտը. ակնյայտ է, որ եղանակային ժամանակով պայմանաւորուած՝ չաշխատելը յանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների:

Աղաւնոյ համայնքին մէջ մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առջեւ. գրեթէ բոլոր բնակիչները պատմեցին, թէ ադրբեջանական զինուած ծառայողները խոշոր եղջերաւոր կենդանիները մորթելուց յետոյ ոչ պիտանի օրգանները գցում են այն ջրի մէջ, որից օգտւում են գիւղի բնակիչները: Սրա պատճառով գիւղում եղել են ջրից զանգուածային թունաւորման դէպքեր, այդ թւում՝ թունաւորուել են կանայք, երեխաներ ու տարեցներ: Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկուել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գիւղեր, իրական վտանգի տակ է Սիւնիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգութեան հարցը:

Ակնյայտ է, որ ադրբեջանական իշխանութիւնները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, յուսահատութեան մթնոլորտ առաջացնելու յանցաւոր քաղաքականութիւն, որն ունի համակարգուած և նպատակային բնոյթ:

Բոլոր այն վայրերում, որտեղ տեղակայուած են ադրբեջանական զինուած ծառայողներ, խաթարուած է մարդկանց անվտանգութիւնը, իրական վտանգի ներքոյ է կեանքը:

Հայաստանի և Արցախի գիւղերի անմիջական հարևանութեամբ յայտնուած ադրբեջանական զինծառայողներն ամէն ինչ անում են, որ անկարելի դարձնեն խաղաղ բնակչութեան կեանքը. կրակում են գիւղերի ուղղութեամբ, խոչընդոտում են գիւղատնտեսութեամբ զբաղող խաղաղ բնակիչների աշխատանքը, ընտանի կենդանիներ են գողանում և այլն։

Բոլոր փաստերն ապացուցում են, որ բնակչութեան նկատմամբ այս յանցաւոր արարքները թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում բնոյթով նոյնն են, Արցախում՝ յարձակողական դրսևորումներով:

Մեզ համար ակնյայտ է, որ այս ամէնի հիմքում ադրբեջանական իշխանութիւնների հայատեացութեան և թշնամական քարոզի շարունակուող քաղաքականութիւնն է թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի նկատմամբ:

Քանի դեռ ադրբեջանական իշխանութիւնները վարում են այս քաղաքականութիւնը (իսկ նրանց համար սա քաղաքական կեանքի աղբիւր է), չեն դադարելու նաև նրանց զինուած ծառայողների ահաբեկչական բնոյթի յանցաւոր արարքները, ուստի խաղաղ բնակչութեան պաշտպանելու ելքն այն է, որ հայկական գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին նրանք պէտք չէ լինեն, որպէսզի խաղաղ բնակիչներն իրականացնեն իրենց իրաւունքները»: