Ռուբէն Վարդանեանի ուղերձը՝ Ազատամարտիկներու պուրակէն
Դեկտեմբեր 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկներու պուրակին մէջ, Դիմագիրքի ուղղակի հաղորդումով Արցախի Հանրապետութեան Պետական նախարար Ռուբէն Վարդանեան յայտարարած է. «Շատ կարևոր է, որ դէմ-յանդիման գտնուելով լուրջ ճգնաժամի առջեւ, համախմբուած ենք»: Ան աւելցուցած է.
«Եւ ուրախ եմ ձեր արձագանգներից, ես ամէն օր զգում եմ, որ դուք պատրաստ էք՝ մեզ հետ միասին անցնելու այս ճանապարհը: Ես զգում եմ, որ մենք հասկացել ենք՝ մեր մէջ արժանապատւութիւնը, հայրենասիրութիւնը, մեր արժէքները պահպանելն ու պայքարելը ոչ թէ ինչ-որ անհասկանալի բաներ են, այլ մեր բնականոն, ազատ կեանքի համար են: Եւ դա մենք պիտի անենք:
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ, աշխարհում ամէն տեղ: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր այն մարդկանց եւ ներողութիւն խնդրել նրանցից, ովքեր մնացել են այստեղ եւ բաժանուած են իրենց ընտանիքներից, ովքեր չեն կարողանում Նոր տարին դիմաւորել իրենց ընտանիքների հետ միասին: Դա մեր պայքարի գինն է: Ես վստահ եմ, որ հասկանում էք՝ մենք միասին մէկ նաւում ենք եւ գնում ենք առաջ: Ուրիշ ճանապարհ չունենք:
Մէկ ամիս առաջ իմ 13 տարեկան որդու հետ այս պուրակում էինք: Այս նկարների մեր փայլուն տղաները կենդանի հերոսներ են: Մենք պարտաւոր ենք իրենց յիշատակի համար շարունակել այն պայքարը, ինչի համար նրանք զոհաբերել են իրենց կեանքը: Ես վստահ եմ գնալու ենք ճիշդ ճանապարհով:
Իմ երազանքն է, որ Արցախում համախմբուենք այնպէս, որ կարողանանք իրար նայելով ու ժպտալով, ասել՝ այս մարդիկ իսկապէս առաջնորդներ են, որոնց մենք յարգում ենք, որոնց յետեւից գնում ենք եւ նրանք օրինակ են մեր կեանքում: Դա առողջ հասարակութեան կարեւոր հիմքերից մէկն է: Ուզում եմ բոլորիս ցանկանալ, որ ուժեղ լինենք, վստահ, որ միասին ենք եւ գնալու ենք առաջ»։
Վարդանեան համոզում յայտնած է, որ բոլոր դժուարութիւնները միասնական ուժերով պիտի յաղթահարուին: