Modern Website Header
Website Header with Working Banner

ՔՊ-ի երեսփոխան Սուքիասեան.– “Հրեաներն էլ են ցեղասպանուել, բայց հիմա հաշտ ապրում են Գերմանիայում”

Յունուար 17-ին, Ազգային ժողովին մէջ լրագրողներու հետ ասուլիսին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամ Խաչատուր Սուքիասեան անդրադառնալով Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման հարցին՝ ըսած է.– Ռիսկեր որեւէ գործողութեան մէջ կան։ Այն Հայերը, ովքեր ծնուել են Թուրքիայում և ապրում են այնտեղ տասնեակ սերունդներով, տնտեսապէս իրենց շատ լաւ են զգում։ Բացի դա, մեր սահմանից 200 քմ. այն կողմ, Կարսի և այլ տարածքների բնակչութեան մեծ մասը օգտուելու է ՀՀ տարածքի ծառայութիւններից։ Դրա համար ես պատգամ եմ ուղարկել մեր բժշկական ծառայութիւններին, որ ամենալաւ սարքաւորումները ձեռք բերեն, քանի որ հնարաւոր է որ այդտեղի բնակիչները,– լինեն նրանք ազգութեամբ թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ,– կարող են օգտուել Գիւմրիի կամ Երևանի  բժշկական  ծառայութիւններից, մենք էլ օգտուելու ենք այն ծառայութիւններից, որ իրենց մօտ զարգացած են։ Սա իմ գնահատականն է”։

(…)

Անգլիացիներն էլ Ֆրանսիացիներին են սպանել, Ֆրանսիացիները Անգլիացիներին, Գերմանացիները նրանց, Հրեաների ցեղասպանութիւն էլ է եղել,  բայց նրանք նոյնպէս Գերմանիայում հաշտ ապրում են։ Ես ուզում եմ այնպէս լինի, որ մեր սերունդները ունենան հզօր երկիր, բարեկեցիկ կեանք։ Տարածաշրջանում պէտք է գիտակից լինենք, յարգենք մեր հարևանների իրաւունքները, նրանք էլ՝ մերը։ Վերջերս ես յանգել եմ մի կարծիքի. այն գործընթացները, յայտարարութիւնները և իրողութիւնները, որոնք կարող են լինել տարածաշրջանում և միջազգային հարթակներում, շատ ժամանակ մեզանից կախուած չեն լինում։ Այն ձգտող երկրները, որոնք ուզում են Թուրան կամ այլ միաւորումներ կառուցեն, նրանցից աւելի ուժեղ այլ երկրներ կարող են այլ գործիքներ օգտագործեն և ձախողեցնեն այդ ցանկութիւնները։ Դրա համար պէտք է խելացի լինենք, ամէն ինչի չմասնակցենք, դա մեր գործը չէ, մեր գործը մեր հարևանների հետ յարաբերութիւնները յստակացնելն է”։

«Կարելի՞ է Ազէրպայճանի որդեգրած քաղաքականութեան պայմաններու տակ խաղաղութեան դարաշրջան բանալ» հարցումին, Սուքիասեան պատասխանած է.-

“Կարծում եմ հնարաւոր է մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական յարաբերութիւններ։ Աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մէկը միւսի Համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ – PIB) մէջ բաւականին մեծ ծաւալ են ունենում։ Եթէ ստացուի այնպէս, որ մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդիւնքի բարձր տոկոս, դրանք լաւ գործիքներ կը լինեն յարաբերութիւնները լաւացնելու համար։ Մենք այդ թշնամութիւնը չենք փոխանցելու մեր զաւակներին և սերունդներին։ Երբ փոխհրացանաձգութիւն է լինում, նրանց մօտ նոյնպէս զոհեր են լինում, պէտք է քաղաքակիրթ լինենք։ Ի հարկէ, սահմանին լինելու են դէպքեր, բայց ունենք այն ինչ որ ունենք”։

Ինչ կը վերաբերի յարաբերութիւններու կարգաւորման համածիրին մէջ Արցախի հարցին, ՔՊ-ի երեսփոխանը ըսած է, թէ ինք լուծումը կը տեսնէ ինքնորոշման սկզբունքի հիման վրայ. ան Արցախեան հարցը բաղդատելով Կիպրոսի տարբերակին ըսած է.-

“Կայ Հիւսիսային Կիպրոս, որտեղ թուրքալեզու բնակիչներն են և կան Յոյներ. այդտեղ կարմիր գիծը գծուած է։ Կարծում եմ միջազգային հանրութիւնը նոյնպէս ձգտում է դրան, որ նոյն տարածքում, նոյն գիւղում Հայերը և Ադրբեջանցիները իրար հետ չապրեն, ինչ որ կը հեշտացնի ապագայ լուծումները”։

Այն հարցումին թէ՝ իր (Սուքիասեանի) հիմնած օդային ընկերութի՞ւնը պիտի կատարէ Երևան-Պոլիս թռիչքները, ան պատասխանած է.-

“Դա իմ հիմնած օդային ընկերութիւնը չէ, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք բաժնետէր են։ Դուք շատ լաւ գիտէք, որ Երևան-Պոլիս թռիչքներ են լինելու։ Երբ արգելուել է թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան, դրանք այլ երկրների միջոցով են բերուել, որը յաւելեալ ծախսերի պատճառ էր դառնում, այդ ինքնաթիռները աշխատելու են Երևանից Պոլիս և հակառակ ուղղութեամբ, ինչպէս եղել է նախկինում, ոչ մի նորութիւն չկայ, ուղղակի աւելի ցած գներ են լինելու”,– նշած է ԱԺ-ի երեսփոխանը։

***

Սուքիասեանի այս յայտարարութիւնները, ինչպէս ակնկալելի է, բնականաբար յառաջացուցած են հակազդեցութեան բաւական լայն ալիք մը։

Յատկապէս ինչ կը վերաբերի երեսփոխանին՝ Գերմանիոյ եւ Հրեաներու զուգահեռին՝ հայ-թրքական մերձեցման գործընթացին հետ, ազէրպայճանագէտ Էլիբէկովա Յունուար 17-ին Դիմագիրքի իր էջին գրած է.-

«Երբեք, երբեք մի՛ բաղդատէք Գերմանիա-Իսրայէլ ու Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները. եթէ դուք տառաճանաչ էք ու գիտէք, որ՝

ա) Գերմանիան ստանձնած է իր պատասխանատւութիւնը Հոլոքոսթի համար և պատասխանատուները պատժուած են։

բ) Գերմանիոյ մէջ ապանացիականացման ծրագրին շնորհիւ հասարակութիւնը ստիպողաբար բուժուած է այլատեացութենէն։ Թուրքիոյ պարագային երբ այս երկու հանգամանքները  իրագործուին, այն ատեն կը խօսինք»։