Արցախի Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը
«Արդէն 100 օր է, ինչ շարունակւում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպէս այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողութիւնները ուժի կիրառմամբ և ահաբեկչութեամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականութիւն: Միևնոյն ժամանակ, Ադրբեջանի իշխանութիւնները բացայայտ ձևով ցոյց են տալիս, որ մերժում են բանակցութիւնները՝ որպէս որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։
Հարկ է նշել, որ արդէն մի քանի տասնամեակ է, որ Ադրբեջանը ձգտում է ազատուել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը: Նման յանցաւոր քաղաքականութեան առաջին զոհերը դարձան, մասնաւորապէս, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանութիւնների կողմից կազմակերպուած՝ Ադրբեջանից հայերի զանգուածային տեղահանումները, որոնք ուղեկցւում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականութեան նոր փուլի սկիզբը։ Արդէն 1991 թուականին Ադրբեջանի իշխանութիւնները շարունակեցին հայերի տեղահանութիւններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակւում է առ այսօր։
Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութիւնն ու միջազգային իրաւունքի չափանիշներն ու սկզբունքները, Արցախի դէմ ուղիղ ռազմական յարձակում սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտութեան ուժային լուծման՝ փորձելով ազատուել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատութեան ու ինքնորոշման իրաւունքը։ Արցախի դէմ սանձազերծուած բոլոր երեք պատերազմներն ուղեկցուել են մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով և պատերազմական յանցագործութիւններով, այդ թւում՝ խաղաղ բնակչութեան կանխամտածուած սպանութիւններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնոյթի յարձակումներով, միջազգային համաձայնագրերով արգելուած զինամթերքի կիրառմամբ, կենսական նշանակութեան քաղաքացիական ենթակառոյցների թիրախաւորմամբ։
2020 թ. սանձազերծուած յարձակման և Արցախի տարածքի զգալի մասի բռնագրաւման հետևանքով հանրապետութեան շուրջ 40 հազար բնակիչներ ենթարկուել են բռնի տեղահանութեան։ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանուել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչութեան դէմ յարձակումները, ներառեալ՝ կանխամտածուած սպանութիւնները, շարունակւում են նոյնիսկ 2020 Նոյեմբեր 9-ի հրադադարի մասին եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ։
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրաւունքների համատարած և շարունակական խախտումները, այդ թւում՝ զանգուածային սպանութիւնները, տեղահանութիւնները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսւում, այլ նաև առաջնորդւում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանութիւնները նոյնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ ցեղային զտում և ցեղասպանութիւն իրականացնելու իրենց յանցաւոր նպատակները:
Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի հանրային բազմաթիւ յայտարարութիւնները: Վերջին նման յայտարարութիւնը նա արել է 2023 թուականի Մարտ 18-ին՝ 44-օրեայ յարձակման ընթացքում բռնագրաւուած հայկական Թալիշ գիւղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչութիւնը ենթարկուել է բռնի տեղահանման: Ինչպէս այցը, այդպէս էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից արուած ռազմատենչ յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ պաշտօնական Բաքուն ծրագրում է բռնագրաւուած Թալիշ գիւղում իրականացրած բեմագրութիւնը կիրառել Արցախի ամբողջ տարածքում:
Միաժամանակ, 90-ական թուականներից ի վեր՝ հակամարտութեան կողմերի միջև բանակցութիւնների ողջ ընթացքում, Ադրբեջանը խափանում էր միջազգային միջնորդների, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղուած միջազգային իրաւունքի չափանիշերի հիման վրայ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը՝ ամէն անգամ վերջին պահին հրաժարուելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերուած համաձայնութիւններից: Աւելին՝ 2020 թ․ յարձակումից յետոյ Ադրբեջանի իշխանութիւններն ընդհանրապէս հրաժարւում են խաղաղ բանակցութիւններից՝ Արցախի ժողովրդի կեանքի և իրաւունքների հարցը որակելով որպէս իրենց ներքին գործը։
Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղային զտման Ադրբեջանի նպատակաուղղուած քաղաքականութիւնը վկայում է միջազգային հանրութեան կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման վերաբերեալ մօտեցումների վերանայման անհրաժեշտութեան մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ պետական մակարդակով իրականացուող յանցագործութիւնների մասշտաբն ու ծանրութիւնը և շարունակուող ցեղասպան քաղաքականութիւնը պահանջում են միջազգային հանրութեան, այդ թւում՝ միջազգային խաղաղութեան և անվտանգութեան ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անյետաձգելի միջոցների ձեռնարկում:
Համոզուած ենք, որ այս փուլում հակամարտութեան խաղաղ կարգաւորման վերաբերեալ լրացուցիչ, իրաւաբանօրէն պարտադիր պարտաւորութիւնների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրաւահաւասարութեան և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպէս բանակցութիւնների հիմք, ինչպէս նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցութիւնների միջազգային գործիքակազմի վերականգնումը բխում են միջազգային իրաւունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութեան համընդհանուր յանձնառութիւնից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրաւունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդիւնաւէտ միջոցն է, որով միջազգային հանրութիւնը կարող է երաշխաւորել Արցախում մարդու իրաւունքների և հիմնարար ազատութիւնների պաշտպանութիւնը։
Յիշեցնում ենք, որ միջազգային իրաւունքի և փորձառութեան համաձայն՝ ինքնորոշման իրաւունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցւում է մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով, ինչպէս նաև բանակցութիւնների մերժումը՝ որպէս հակամարտութեան կարգաւորման միջոց, բաւարար հիմք են՝ ճանաչելու անկախ պետութիւն ստեղծելու ժողովրդի իրաւունքը»: