Modern Website Header
Website Header with Working Banner

ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեան.– “Միայն Արցախի իշխանութիւնն է լիազօրուած խօսելու Արցախի բնակչութեան անունից”

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան Դեկտեմբեր 26-ին հրապարակած է հաղորդագրութիւն մը, ուր նշուած է.-

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններին ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ և դրանց առթիւ մտահոգութիւններին յատկապէս Արցախահայութեան շրջանում՝ կ՚ուզէի մի քանի հիմնական դրոյթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու յայտարարութիւններում.

1. Արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի լիարժէք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակայ չէ, և այդ հարցի բացառիկ տէրը հէնց Արցախահայութիւնն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն են լիազօրուած խօսելու Արցախի բնակչութեան անունից:

2. Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թոյլ տալ ոչ մի իշխանութիւն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանութիւնները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ մինչև մեր նպատակի իրականացումը:

3. Ո՛չ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցեալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակութեան մասին է խօսքը, եթէ Ադրբեջանը շարունակում է իր հասարակութեանը սնել հայատեացութեամբ և պատրաստել ոչ թէ խաղաղութեան, այլ՝ Արցախի հայաթափման: Ի հարկէ, մենք կողմ ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը և պատրաստ ենք այդ ուղղութեամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրաւունքները, շահերն ու պահանջները սակարկելի չեն:

4. Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը պէտք է վերականգնուի առնուազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակուել է Արցախի Հանրապետութիւնը: Ուստի, մեր բռնազաւթուած տարածքները պէտք է ապաբռնազաւթուեն և իրենց բնակիչները պէտք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:

5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգութեանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանութեան բանակի կարողութիւնների ամրացման ուղղութեամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զօրակազմը պէտք է մնայ Արցախում կայուն ու անժամկէտ կերպով՝ մինչև հակամարտութեան վերջնական ու արդարացի կարգաւորումը և անվտանգութեան միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:

6. Չանդրադառնալով անցեալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապէս պէտք է արձանագրել, որ հիմա պահը շատ աւելի պատասխանատու ու վճռական է, քան՝ երբևէ։ Հետևաբար, իրաւունք չունենք սխալներ թոյլ տալու, այլապէս այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար:

7. Եթէ որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտաւոր է հաշուի նստել Արցախահայութեան կամքի ու նպատակների հետ, այլապէս՝ պէտք է պարզապէս չխանգարել:

8. Բոլոր իշխանութիւնները ժամանակաւոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պէտք է պահպանուեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժէքների ու նպատակների շուրջ միասնականութիւնը կարևոր է, իսկ ինչպէս նշեցի, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում իւրաքանչիւր Հայի ու իշխանութեան ուղենիշը պէտք է լինի Արցախահայութեան կամքն ու նպատակները:

Արցախը հազարամեակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և Արցախահայութիւնն ունի բաւարար կամք ու ռազմավարական համբերութիւն այդ պայքարը շարունակելու: Անկախ ոևէ մէկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, Արցախահայութիւնը շարունակելու է իր արդար պայքարը յանուն Արցախի անկախութեան միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանութեան»: