Ամանորեայ հրաշք տեղի չունեցաւ, Արցախը աշխարհին կապող ճամբան տակաւին փակ կը մնայ. Ստեփանակերտի բազմաթիւ խանութներ այլեւս չեն բանար իրենց դռները:
Արցախի բնակիչներէն Գայիանէ Առստամեան կ՚ըսէ, թէ փոքր խանութները գոց են, որովհետեւ ապրանք չունին, իսկ մեծերը, որոնք որոշ չափով պահեստի ապրանք ունին, պարբերաբար կը բանան: «Փոքրիկ, տարեց կամ հիւանդ ունեցող ընտանիքներում, բնականաբար, տագնապները սրուել են՝ խանութներում միրգ-բանջարեղէն չկայ, իսկ փոքրիկներին դրանք պէտք են, դեղ չկայ՝ հիւանդների համար: Բացի իրենց քաղաքական նպատակներից, Ադրբեջանցիների նպատակը մեզ հոգեբանօրէն ճնշելն է: Պարզ է, որ ազդում է, մէկը ես եմ, իմ վրայ ազդում է, բայց ազդելը չի նշանակում, որ ընկճում է»,– կ՚աւելցնէ Գայիանէ: