«Հրապարակ» թերթը կը գրէ, թէ Արցախէն ստացուած հաւաստի տեղեկութիւններու համաձայն, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան վերջերս քանի մը օրուան համար Ռուսաստան մեկնած է Արցախի առնչուող ռուսական դիրքորոշումն ու քաղաքականութիւնը ճշդելու համար։ Անոր վերադարձէն ետք, այս անգամ ալ Պետական նախարար Ռուբէն Վարդանեան Մոսկուա մեկնած է ու այս օրերուն ան դեռ հոն կը գտնուի։ «Ըստ ամենայնի, նրան նոյնպէս հրաւիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծուած իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար»,– կը գրէ թերթը ու կը շարունակէ.
«Յիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակուելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում լարում էր առաջացել, եւ պետնախարարի հրաժարականի, անգամ ԱԺ արտահերթ ընտրութիւնների թեման էր բարձրացել։
Յիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական կողմը պահանջում է Վարդանեանի հրաժարականը` Արցախի ճանապարհը բացելու դիմաց: Ակնյայտ է, որ Ռուսաստանը ձեռնպահ դիտորդի կարգավիճակ է ստանձնել` ո՛չ ճանապարհն է բացում, ո՛չ Ադրբեջանին է սաստում, ո՛չ Արցախի ներքաղաքական կեանքին է խառնւում: Իսկ շրջափակումը սրել է մթնոլորտը եւ բանակների է բաժանել համերաշխ Արցախը:
Մեր աղբիւրն ասում է, որ Արայիկ Յարութիւնեանը բաւականին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մոսկուայում: Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից յետոյ նրան Կրեմլում աւելի են վստահում եւ գրեթէ ուղիղ տեքստով ասել են` եթէ Վարդանեանը խանգարում է, ազատէք, նրան մենք չենք նշանակել: Յարությունեանի կողմնակիցներն ասում են, որ նա Մոսկուայից բաւականին բարձր տրամադրութեամբ է վերադարձել: Հիմա Վարդանեանն է Մոսկուայում ճշտում իր հանդէպ վերաբերմունքը: Հնարաւոր է, որ վերադառնալով` նա կամովին հրաժարական տայ` որպէս ստեղծուած իրավիճակը լիցքաթափելու միջոց»:
Աւելցնենք, որ այս լուրին հրապարակումէն ետք հայաստանեան այլ լրասփիւռներ փորձած են անոր իսկութիւնը ճշդել Արցախի նախագահի մամլոյ բանբերէն, սակայն վերջինս անպատասխան թողած է զանգերը։ Իսկ Արայիկ Յարութիւնեանի խորհրդական Դաւիթ Բաբայեան նշած է, որ ինք նման տեղեկութիւն չունի։