Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախի առաջնորդ Վրթանէս Սրբազան. «Եթէ ամէն մէկս մեր հնարաւորութիւնների սահմանում աշխատենք ոչ թէ միմեանց՝ այլ թշնամու դէմ, ապա կը կարողանանք նորից մեր երազած Արցախն ունենալ»

Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան «Փաստինֆօ»-ին տուած հարցազրոյցին յայտնած է, թէ ամէն մարդ քաջատեղեակ է Արցախի մէջ տիրող կացութեան. իրապէս, բաւական ծանր վիճակ է, Ազերպայճան քայլ առ քայլ կը սեղմէ օղակը։

«Այս իրավիճակում նրանք, ովքեր ուժեղ կամք ունեն, կարողանում են ճիշդ գնահատել իրավիճակը ու չկոտրուել։ Բայց, բնականաբար, արդէն աւելի քան վեց ամիս տեւող պաշարման պայմաններում բոլորը չեն, որ կարողանում են միշտ սթափ դատել. հոգիով տկարներ էլ կան։ Ըստ այդմ՝ շատ կարեւոր է, որ այս դժուարին փուլին Հայաստանում եւ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցները անտարբեր չգտնուեն եւ ցոյց տան, որ Արցախի իրենց քոյր-եղբայրների կողքին են։ 

Իմ խնդրանքն է, որ Հայաստանի, Սփիւռքի մեր հայրենակիցները հեռախօսները վերցնեն ու զանգեն Արցախում ապրող իրենց բարեկամներին, ծանօթներին, ընկերներին… Մարդիկ այդ ուշադրութեան, արձագանգի կարիքը ունեն։ Երբ մտաւորականները, հասարակութեան կողմից յարգուած, ճանաչուած մարդիկ ահազանգում են Արցախահայութեան կացութեան մասին, այստեղ ապրողները սփոփւում են, որոշ չափով մխիթարւում, իսկ երբ դադար են առնում ու անտարբերութիւն ցուցաբերում, մարդիկ ընկճւում են, մտածում են, որ մենակ են մնացել… Ինձ էլ, որ տարբեր տեղերից զանգում են, ոգեւորւում եմ։

Մենք լրջօրէն պէտք է մտածենք, թէ ինչ մարտահրաւէրների առջեւ ենք կանգնած։ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցորդի դերում ենք այսքան ժամանակ. կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պէտք է նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնէինք, դառնայինք թելադրող… Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել։ Վերջ ի վերջոյ, պէտք է, չէ՞, ցոյց տալ, որ հայ ժողովուրդը կարողականութիւն ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է։ Սա այն հարցն է, որ պէտք է կուսակցական հայեացքները մի կողմ դնել ու համախմբուել։ Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում։ Միայն պառակտուածութեանը վերջ տալով կարող ենք փրկել Արցախը։ Իշխանական, թէ ընդդիմադիր, օր առաջ Արցախի փրկութեան գաղափարի շուրջ պէտք է համախմբուեն։ Եթէ ամէն մէկս մեր տեղում, մեր հնարաւորութիւնների սահմանում նաեւ տեղեկատուական հարթակում աշխատենք ոչ թէ միմեանց՝ այլ թշնամու դէմ, ապա կը կարողանանք նորից մեր երազած Արցախն ունենալ»,– հարցազրոյցի ընթացքին մասնաւորաբար նշած է Արցախի Առաջնորդ սրբազանը։ ■