Արցախի նորանշանակ Պետական նախարար Գուրգէն Ներսիսեան դիմած է երիտասարդութեան, ուսանողութեան և հասարակական կազմակերպութիւններուն՝ կոչ ընելով կարճ ժամանակի ընթացքին կազմել կամաւորական խումբեր եւ իրենց նպաստն ու աջակցութիւնը բերել պետութեան ծրագրերու իրագործման:
Դիմումին մէջ նշուած է.
«Յարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ,
Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնւում ենք շրջափակման մէջ եւ ապրում արտակարգ պայմաններում։ Պետութիւնը ձեռնարկում է հնարաւոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետեւանքները մեղմելու եւ հասարակութեան նուազագոյն պահանջները բաւարարելու համար։ Այդ ընթացքում իրականացւում են բազմաբնոյթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցութիւնը ցուցաբերել նաեւ հանրութիւնը։
Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերւում մարդասիրական բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթաւորելու եւ շահառուներին հասցնելու համար պետութիւնը ստիպուած է ֆինանսական միջոցներ ծախսել։
Ի հարկէ պետութիւնը կրում է քաղաքացիների իրաւունքների ապահովման պարտականութիւնը, սակայն Արցախի Հանրապետութիւնը մեր մեծ ընտանիքն է, եւ ինչպէս մեր ընտանիքներում, այնպէս էլ պետութիւնում հնարաւորութիւնները անսահմանափակ չեն, իսկ խնայողութիւնը եւ ջանքերի մէկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտութիւն է։
Յառաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպութիւնների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդներին եւ ուսանողներին.
Խնդրում եւ կոչ եմ անում ամենակարճ ժամկէտում ձեւաւորել կամաւորական խմբեր եւ ձեր նպաստն ու աջակցութիւնը բերել պետութեան ծրագրերի իրագործմանը։
Դրանով դուք ոչ միայն կ՚ապահովէք հանրօգուտ աշխատանք, այլեւ կը նպաստէք մեր ներքին զարթօնքին ու համախմբմանը, մեր ուժերի եւ հնարաւորութիւնների մէկտեղմանն ու միաւորմանը։
Սպասում ենք ձեր արձագանգներին»։