Modern Website Header
Website Header with Working Banner

ԱՐՑԱԽ – Թաղավարդ-Կալերի գիւղին դպրոցը թշնամիի ուղղակի նշանառութեան տակ կը շարունակէ իր ուսումնական աշխատանքը

«Արցախփրէս»-ի թղթակցին հետ զրոյցին Թաղավարդ-Կալեր գիւղի դպրոցի տնօրէնուհի Մարգարիտա Սահակեան յայտնած է, թէ կրթօճախին բակը թշնամիի ուղղակի նշանառութեան տակ կը գտնուի, սակայն նոյնիսկ այդ պայմաններուն տակ կը շարունակուին ուսումնական աշխատանքները։ Ան ըսած է, թէ նախքան 44-օրեայ պատերազմը դպրոցը ունէր 54 աշակերտ, իսկ այսօր անոնց թիւը 36 է։

“Աշակերտների մի մասը ընտանիքներով մնացել է Ստեփանակերտում, ոմանք էլ, հաշուի առնելով, որ դպրոցը թշնամու ուղիղ դիտակէտում է, յաճախում են հարևան Կարմիր Շուկայ գիւղի դպրոցը: Ուսուցիչների ու աշակերտների համար այս պահին ամենակարևորը յարատև խաղաղութեան հաստատումն է:

Այլ ելք չունենք, պիտի մնանք ու շարունակենք  ապրել մեր հայրենիքում, շարունակենք կրթել ու դաստիարակել մեր աշակերտներին: Նրանք աշակերտ լինելու հետ մէկտեղ նաև մարտիկներ են, ովքեր, անտեսելով վախը, թշնամու դիտակէտում լինելու փաստը, ամէն օր մեծ սիրով են յաճախում դպրոց, որպէսզի մի նոր բան սովորեն”,– նշած է տնօրէնուհին։