Modern Website Header
Website Header with Working Banner

ԱՐՑԱԽ. Կարմիր շուկան աստիճանաբար կը վերադառնայ երբեմնի իր կենսունակ օրերուն

Մայիս 4-ը, Արցախի հանրապետութեան Մարտունիի շրջանի սահմանամերձ դարձած Կարմիր շուկայ գիւղի հիմնադրութեան օրն է:

Համայնքապետ Նարեկ Աթայեան «Արցախփրէս»-ի հետ զրոյցին նախ գիւղին հիմնադրութեան հակիրճ պատմականը ներկայացուցած է, նշելով.-

“Համայնքի ներկայի տարածքում առեւտրի շուկայ էր գործում, որտեղ Հայերի հետ մէկտեղ Ադրբեջանցիներ էլ էին աշխատում: Հայ վաճառականները օտարի լծից ազատուելու համար օգնութիւն են խնդրել ռուսական կարմիրբանակայիններից, ովքեր էլ օգնութեան ձեռք են մեկնել: Տեղացիների երազանքն իրականանալուց յետոյ՝ 1921 թուականի Մայիսին, տօնակատարութիւն է կազմակերպուել նոյն տարածքում, որի ժամանակ հարեւան թաղավարդցի համայնավար Ավանէս Բեգլարեան, նայելով շուրջբոլորը եւ ամէնուր տեսնելով կարմիր դրօշներ, բաժակաճառի ժամանակ առաջարկում է բնակավայրն անուանել Կարմիր շուկայ”: 

Աթայեան հաստատած է, թէ գիւղը շրջանին մէջ միշտ ալ աչքի զարկած է իր զարգացման բարձր մակարդակով։ “Պատերազմից յետոյ համայնքը դարձել է սահմանամերձ, եւ ամէն օր թշնամիի դիրքերի ուղիղ նշանառութեան տակ մենք շարունակում ենք հաստատակամօրէն ապրել մեր բնօրրանում։ Գիւղում մեծ թէ փոքր, կին թէ տղամարդ, լաւ գիտակցում են, որ սա՛ է մեր հայրենիքը, եւ մենք ենք նրա տէրը”,– ընդգծած է գիւղապետը։

Ան տեղեկացուցած է, թէ համայնքին մէջ բնականոն կը գործեն համայնքապետարանը, բուժարանը, դպրոցը, մանկապարտէզը, ակումբն ու մշակոյթի տունը:

“Տարուայ այս եղանակին բնակչութիւնը գիւղատնտեսական աշխատանքներ է իրականացնում, այգի ու հող մշակում, ծառ տնկում, տուն կառուցում ու այդպիսով Կարմիր շուկան աւելի է զարգացնում։ Գիւղը հայրենասէր Արցախցին է արարում”,– եզրափակած է Աթայեան։