Modern Website Header
Website Header with Working Banner

Գերագոյն հոգեւոր Խորհուրդի յայտարարութիւնը՝ Բերձորի միջանցքի փակման 100-րդ օրուան կապակցութեամբ

«Խորը ցաւով ենք արձանագրում, որ արդէն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանութիւնները, հայատեաց քաղաքականութեան սաստկացող դրսեւորումներով, փակուած են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքը: 

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան հայ բնակչութեան նկատմամբ պարբերաբար իրականացուող ֆիզիքական ու հոգեբանական ճնշումները, բռնութիւններն ու ահաբեկչական գործողութիւնները առաւել խորացնում են մարդասիրական աղէտալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայուած խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի` ադրբեջանական իշխանութիւնների յանցաւոր գործողութիւնների հետեւանքով ոտնահարւում են մարդկանց` երեխաների, կանանց եւ ծերերի կեանքի, բուժում ստանալու, տեղաշարժի եւ  հիմնարար միւս իրաւունքները:

Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը վերացնելու  վերաբերեալ: Ողջունում ենք Եւրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որտեղ Ադրբեջանի իշխանութիւններին յորդորւում է կեանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանի որոշումը:

Տարակուսանք ենք արտայայտում, որ հակառակ միջազգային հանրութեան, վերջինիս իրաւասու եւ ազդեցիկ կառոյցների կողմից ճանապարհը բացելու վերաբերեալ կտրական պահանջներին` առ այսօր շրջափակումը շարունակւում է:

Յորդորում ենք ՄԱԿ-ի, Եւրոխորհրդարանի եւ Եւրոմիութեան պատկան կառոյցներին,  պետութիւնների ղեկավարներին ու կրօնական առաջնորդներին հետեւողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողութիւնների դատապարտմանը եւ Արցախի բնակչութեան անվտանգ ու բնականոն կեանքի ապահովմանը:

Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդէպ բացայայտ անյարգալից նման մօտեցման հանդուրժումը սաստկացնելու է  մարդասիրական ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի աւելի քան 120.000 բնակչութեան կեանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատեանների վճիռները կոպտօրէն շրջանցելու աններելի նախադէպ, միաժամանակ խորը յուսախաբութիւն առաջացնելով միջազգային արդարադատութեան նկատմամբ:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթութիւն ունենալով մարդկային կեանքերի փրկութիւնն ու անվտանգութիւնը, հետեւողականօրէն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրագործումը` անկախութիւն յանուն փրկութեան ու անվտանգութեան սկզբունքով»: