Երեւանի մէջ Ռուսաստանի դեսպան Սերկէյ Գոփիրքին Յուլիս 4-ին կանչուած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւն, անոր յանձնուած է բողոքագիր:
«Հաշուի առնելով, որ թեման վստահաբար ՀՀ քաղաքացիների ուշադրութեան կենտրոնում է եւ բուռն հանրային քննարկումների առարկայ՝ ՀՀ քաղաքացիներից չենք թաքցնում բողոքագրի բովանդակութիւնը:
Դրանում խիստ բողոք է արտայայտուել Ռուսաստանի Դաշնութժեան զանգուածային լրատուամիջոցներում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ ծաւալուած բացայայտ ոչ-բարեկամական, յաճախ թշնամական քարոզչութեան կապակցութեամբ, որն ակտիւօրէն սնւում է որոշ պաշտօնեաների, ՌԴ Պետական դումայի պատգամաւորների, լրատուամիջոցների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչների յայտարարութիւններով:
Բողոքագրում ընդգծուել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրաւորական արտայայտութիւնները եւ ՀՀ իշխանութիւնների գործունէութեան թիրախաւորումը բացարձակապէս անընդունելի են եւ յանգեցնում են Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելութիւնների դրական արդիւնքների չէզոքացման:
Բողոքագրում նշուել է, որ ՀՀ իրաւապահ մարմինների կողմից պետական յեղաշրջման փորձի կանխման օրինական գործողութիւնների վերաբերեալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամաւորների մեկնաբանութիւններն ու յայտարարութիւնները ոչ միայն զարմանք, այլեւ վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ յայտարարութիւնների՝ պետական յեղաշրջում ծրագրող անձանց ձերբակալութիւնը համարւում է “Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ”:
Ըստ այդմ՝ նման յայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թէ ինչպէ՛ս եւ ինչո՛ւ է պետական յեղաշրջման կանխումը համարւում ոչ-բարեկամական քայլ, այլեւ ՀՀ ներքին գործերին կոպտագոյն միջամտութիւն: Աւելին, տպաւորութիւն է ստեղծւում, որ նման տեղեկատուական քաղաքականութիւնն իրականացւում է նպատակաուղղուած կերպով՝ Հայաստանի Հանրապետութիւնում ժողովրդավարութեան, օրինականութեան եւ սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,– այս մասին կը յայտնեն Հայաստանի Արտաքին գործոց նախարարութենէն:
Կ՚աւելցուի, որ Նախարարութիւնը ռուս գործընկերներուն կոչ ըրած է անյապաղ եւ գործուն միջոցներու ձեռնարկելու Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ վերոնշեալ ոչ- բարեկամական դրսեւորումները դադրեցնելու համար:
© 2025 Բոլոր իրաւունքները վերապահուած են։