«Ողջունում ենք Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից “ցեղային խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին” միջազգային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացուած հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդութիւններու վերաբերեալ Փետրուարի 22-ին կայացուած որոշումները։
Դատարանն իրաւաբանօրէն պարտաւորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դէմ Հայաստանի կողմից ներկայացուած վարոյթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապէս մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ ներկայացուած զուգահեռ վարոյթում Ադրբեջանի պահանջները։ Յիշեալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկայ է Համաձայնագրի շրջանակներում Հայերի իրաւունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ եւ Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների եւ բեռների՝ երկու ուղղութիւններով անխափան տեղաշարժը:
Ի հակադրութիւն, Դատարանը միաձայն քուէարկութեամբ ամբողջութեամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերեալ միջնորդութիւնը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ յարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։
Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ այլ գործողութիւնները պէտք է անյապաղ դադարեցուեն: Հայաստանը ուշադիր հետեւելու է իրավիճակին եւ Դատարանին կը տեղեկացնի Ադրբեջանի կողմից որեւէ խախտումի մասին, մինչ Հայաստանի հայցը ընդդէմ Ադրբեջանի շարունակւում է։
Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անյապաղ իրականացումը»։