Modern Website Header
Website Header with Working Banner

ՀՀ ԱԳՆ.- «Հայ եկեղեցու սպասաւորներն ու հետևորդները պէտք է անարգել մուտք ունենան Շուշիի Մայր տաճար»

ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար Վահան Յունանեան ստորեւ տրուած յայտարարութիւնը հրապարակած է՝ ազէրպայճանական բանակին կողմէ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման տարելիցին կապակցութեամբ.-

«2020-ի Հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դէմ սանձազերծուած ռազմական նախայարձակման ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարուածներ հասցրեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի աւերածութիւններ: Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից հաշուած օրեր անց նոյն եկեղեցին ենթարկուեց վանդալիզմի և սրբապղծման։ Շուշիի Մայր տաճարի ֆիզիքական վնասման զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթիւրելու եկեղեցու հայկական ինքնութիւնը, որն իրականացւում է վերանորոգման պատրուակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով:

Պաշտամունքի վայրի կրկնակի դիտաւորեալ հրիթառակոծումը ոչ միայն միջազգային իրաւունքով, մասնաւորապէս՝ «Զինուած ընդհարման դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Լա Հէյի 1954 թուականի համաձայնագրով և դրան կից երկրորդ արձանագրութեամբ (1999 թ.) դատապարտելի յանցագործութիւն է, այլ նաև մտադրութիւնների խորհրդանշական բացայայտում․ այն Արցախի տարածքում հայկական ներկայութեան ցանկացած հետքի բնաջնջմանն ուղղուած Ադրբեջանի քաղաքականութեան ակնյայտ դրսևորում է:

Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած նախայարձակումից մէկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում գտնուող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգութեան և պաշտամունքի վայրերի, ինչպէս նաև հազարաւոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգուած:

Բազմաթիւ են ադրբեջանական զինուած ուժերի կողմից հայկական եկեղե­ցիների, մշակութային և կրօնական այլ յուշարձանների միտումնաւոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրուած դէպքերը։ Բացի այդ, դրանց ֆիզիքական ոչնչացման հետ մէկտեղ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հետևողական կերպով իրա­կանացուող պատմական փաստերի կեղծմանը և հայկական յուշարձանների ինքնութեան խեղաթիւրմանը:

Այս համածիրում, թերևս, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարաւորինս սահմանափակել ԻՒՆԷՍՔՕ-ի փորձագիտական առաքելութեան մուտքը դէպի վտանգուած հայկական մշակութային ժառանգութեան վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական յանցագործութիւնները:

Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգութիւն հանդիսացող պատմամշակութային յուշարձանների և պաշտամունքի վայրերի դէմ ուղղուած վայրագութիւնները կոպտօրէն խախտում են միջազգային իրաւունքը, հակասում են համամարդկային արժէքներին և խստագոյնս դատապարտելի են։

Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասաւորներն ու հետևորդները պէտք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղին»։