ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովը 2023 Յունիս 12-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը և Հայոց պետականութիւնը կանգնած են գոյութենական ծանրագոյն սպառնալիքի առջև։
Հայաստանի իշխանութիւնների որդեգրած ապազգային քաղաքականութիւնը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ուրացումը, Հայաստանի Անկախության հռչակագրից բխող յանձնառութիւններից և Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխավորի սահմանադրական պարտականութիւններից հրաժարուելը, թուրք-ադրբեջանական պարտադրուող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականութիւնը կործանարար է։
Ադրբեջանի շարունակուող յարձակումները յանգեցնելու են նոր ցեղասպանութեան և Արցախի հայաթափման, հարցականի տակ են դնելու Հայաստանի պետականութեան ապագան։
Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերուած որեւէ համաձայնութիւն կամ փաստաթուղթ չունի իրաւական և քաղաքական օրինականութիւն, այն յղի է նոր պատերազմի սպառնալիքով և անխուսափելիօրէն ապակայունացնելու և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։
Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անյապաղ կասեցումը օրախնդիր է և համազգային առաքելութիւն։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Ժողովը ճակատագրական այս փուլին ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶՕՐԱՇԱՐԺԻ կոչ է յղում։
Սթափուելու, ընդվզելու, մեր ՊԵՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՃԱԿԱՏՈՎ ՏԷՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀՆ Է։
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՅ Չէ։
Մենք համոզուած ենք՝
իշխանութիւնների կողմից պարտադրուած պարտուողականութեանն ու անզօրութեանը այլընտրանք կայ,
հաստատում ենք՝
ներազգային համերաշխութեան վերահաստատումով և համահայկական ներուժով կարող ենք և պարտաւոր ենք՝
Վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը,
Վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանութիւնն ու Հայոց բանակի մարտունակութիւնը․
Արդիւնաւէտ օգտագործելով միջազգային իրաւունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդուող աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զօրակցությունն ու դիւանագիտական միջոցները՝ պաշտպանել և առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերը,
Միջազգային իրաւունքի համածիրում մերկացնել և դատապարտել Ադրբեջանի յանցագործութիւնները՝ ուղղուած մարդկութեան և այս պարագային հայ ժողովրդի դէմ,
Կասեցնել մեր ազգային ինքնութիւնը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարութիւն, հանրային համերաշխութիւն և արդարութիւն,
Համահայկական ուժերի մէկտեղումով զօրացնել Հայաստանի կարողականութիւնները, ստեղծել ուժեղ և մրցունակ պետութիւն, որն անզիջում դիմադրութեամբ կը կանխի թուրք-ադրբեջանական երկեակի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող փանթուրքական ծրագրերը։
Աներկբայ է՝ վերը նշուած մարտահրաւէրները դիմագրաւելու և ստեղծուած իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը, որ ազգային իշխանութեան ձևաւորումն է և նոր որակի պետութեան կառուցումը։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպութիւնն ու ՀՅ Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցը իրենց ողջ ներուժով լծուելու են Հայաստանի և Արցախի պաշտպանութեան ու փրկութեան ուղղուած համազգային ընդվզման և դիմադրութեան ճակատի ձևաւորմանը»։