ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ – «Սիրելի՛ Ռուբէն Վարդանեանին մեր յորդորն է դադրեցնել հացադուլը»

Գերագոյն հոգեւոր խորհուրդի յայտարարութիւնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահութեամբ ընթացող Գերագոյն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարութեան, զինուորականներու եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ազերպայճանի մէջ տեղի ունեցող շինծու դատավարութիւններուն, Մարտ 12-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.

«Գերագոյն հոգեւոր խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատութեան մէջ ապօրինաբար պահուող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ ադրբեջանական իշխանութիւնների շարունակուող թշնամանքի եւ յարձակման յաջորդական դրսեւորումներն են։ 

Ակնյայտ է, որ Միջազգային իրաւունքի հիմնական սկզբունքների բացայայտ խախտումներով ընթացող դատավարութիւնը ուղեկցւում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքոյց նպատակ է հետապնդւում հիմնովին խեղաթիւրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պատմութիւնը՝ միտում ունենալով նուաստացնել մեր ժողովուրդն ու հայոց պետութիւնը։ Անտեսելով միջազգային հանրութեան յորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանութիւնը փորձ է անում ոչ միայն քօղարկելու, այլեւ արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանութեան եւ պատերազմական յանցագործութեան անհերքելի փաստերը, ինչպէս նաեւ զոհերին ներկայացնելու իբրեւ ոճրագործներ։

Շինծու դատավարութիւններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզուած կեղծ ցուցմունքների միջոցով Ադրբեջանի իշխանութիւնները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրեալներ ստեղծել Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ յարձակում սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամէն ինչ արւում է արգելելու համար միջազգային փաստաբանների եւ կազմակերպութիւնների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկուած են նաեւ հոգեւոր խնամքից օգտուելու տարրական հնարաւորութիւններից։ 

Այս պայմաններում մեծապէս կարեւոր է Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառոյցների ջանքերի մէկտեղումը՝ հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնութիւններով ուղեկցուող ապօրինի գործողութիւնները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակումը ապահովելու համար։

Յորդորում ենք Հայաստանի իշխանութիւններին նախաձեռնել գործուն ու հնարաւորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործման ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարաւորություններն ու ամբողջ ներուժը։ 

Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրաւունքների պաշտպանութեան լիազօրագիր ունեցող միջազգային կազմակերպութիւններին ու նրանց ղեկավարներին` առաւել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անյապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղութիւն եւ սերունդների համար արժանապատիւ գոյակցութեան պայմաններ կարելի է ապահովել միայն առկայ հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան պարագային։

Աղօթքով առ Բարձրեալը զօրակցութիւն ենք յայտնում գերեվարուած մեր սիրելի զաւակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողութիւններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կեանքի եւ առողջութեան համար։ Մեր յորդորն է սիրելի Ռուբէն Վարդանեանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հաւատքով շարունակել պայքարել յանուն ազատ ու արժանապատիւ կեանքի իրաւունքի։

Մեր հայցն ենք վերառաքում առ Աստուած բոլոր գերեալների, նեղեալների եւ նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնութիւնը ամէնքին»։