Modern Website Header
Website Header with Working Banner

Մարաղայի ջարդը ցոյց տուաւ Պաքուի ցեղասպան ծրագրերը Արցախի ամբողջ բնակչութեան նկատմամբ

Արցախի ԱԳ նախարարութեան յայտարարութիւնը՝ Մարաղայի կոտորածին 30-րդ տարելիցին առիթով

«Այսօր Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի խաղաղ բնակչութեան նկատմամբ ադրբեջանական բանակի կողմից 1991 թ․ Ապրիլի 10-ին կազմակերպուած դաժան հաշուեյարդարի 30-րդ տարելիցն է։ Կոտորածի հետեւանքով շուրջ 50 մարդ, այդ թւում՝ 30 կին, ենթարկուել է կտտանքների եւ գազանաբար սպանուել, մի քանի տասնեակը՝ գլխաւորապէս կանայք եւ երեխաներ, գերեվարուել է, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անյայտ է։

Մարաղայի վրայ Ադրբեջանի զինուած ուժերի յարձակումը պայմանաւորուած չէր ռազմական անհրաժեշտութեամբ․ նպատակը տարածքի գրաւումն ու այնտեղ ապրող մարդկանց ոչնչացումն էր։ Մարաղայի տասնեակ բնակիչներ սպանուեցին միայն այն պատճառով, որ Հայ էին։ Մարաղայի ջարդը, որը ծրագրուել էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից նաեւ որպէս ահաբեկչական արարք, ի ցոյց դրեց Բաքուի ցեղասպան ծրագրերն Արցախի ամբողջ բնակչութեան նկատմամբ։

Այն փաստը, որ ադրբեջանական զինուած ուժերի՝ Մարաղայում պատերազմական յանցագործութիւններ կատարած ստորաբաժանումների հրամանատար Շահին Տակիեւն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, եւս մէկ անգամ փաստում է, որ խաղաղ բնակիչների զանգուածային սպանութիւնը ադրբեջանական զօրքի առջեւ դրուած գլխաւոր խնդիրներից էր։ Ադրբեջանական իշխանութիւնների այդ քայլը վերահաստատեց, որ նրանք են կրում Մարաղայում իրականացուած միջազգային հակաիրաւական գործողութիւնների ողջ պատասխանատւութիւնը։

Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածը ադրբեջանական իշխանութիւնների կողմից աւելի քան 30 տարի կանոնաւոր կերպով վարուող ցեղասպան քաղաքականութեան մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչեւ 2020 թ․ 44-օրեայ զինեալ նախայարձակման ընթացքում իրագործուած պատերազմական յանցագործութիւնները։

Միայն ուժեղ եւ բարգաւաճող, իր պետականութիւնը զարգացնող, միջազգային իրաւական ձայն ունեցող եւ ողջ հայութիւնն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգութեան չկրկնուելու լաւագոյն երաշխիքը»։