Modern Website Header
Website Header with Working Banner

«Մեր յորդորն ենք ուղղում Հայաստանի իշխանութիւններին՝ հրաժարուել զիջողական կեցուածքներից»

 

Գերագոյն հոգեւոր խորհուրդի յայտարարութիւնը

Արցախի մէջ տիրող ծանր կացութեան առնչութեամբ Գերագոյն հոգեւոր խորհուրդը Յուլիս 14-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը․

«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատեաց շարունակուող գործողութիւնների, Արցախի ամբողջական շրջափակման հետեւանքով առաւել խորանում է մարդասիրական իրավիճակը Արցախում: Խորապէս մտահոգիչ է, որ հակառակ Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական յարձակումները ստանում են նոր ծաւալներ:

Ստեղծուած ծանր կացութեան մէջ, երբ Արցախի ժողովուրդը զրկուած է անհրաժեշտ սնունդի, դեղորայքի եւ կենսական պարագաների մատակարարումներից և բախւում է Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եւրոմիութեան անդամ պետութիւններին՝ հրատապօրէն ձեռնարկել կանխող գործողութիւններ, այդ թւում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպէսզի ժամ առաջ ապաշրջափակուի Արցախի կեանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, եւ վերականգնուի բնականոն կեանքը Արցախի Հանրապետութիւնում: Հարկ է, որ միջազգային հանրութիւնը առաւել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային եւ թշնամական քաղաքականութիւնը՝ ուղղուած Արցախի ժողովրդի դէմ։ Հարկադրանքի եւ հաշուեյարդարի սպառնալիքների ներքոյ Արցախում չի կարող հաստատուել խաղաղութիւն:

Մեր յորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին՝ հրաժարուել զիջողական կեցուածքներից, դրսեւորել վճռականութիւն եւ մարդկային հիմնարար իրաւունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կը դառնայ հայրենի հողի վրայ Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիւ կեանքի։

Յորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփիւռս՝ հետեւողականութեամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զօրակցութիւն Արցախ աշխարհի եւ նրա հաւատաւոր ու հերոսական ժողովրդի:

Թող Աստուած օրհնի Հայաստան եւ Արցախ մեր երկիրը եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին. ամէն»: