Modern Website Header
Website Header with Working Banner

Միրզոյեանի պատասխանը Ալիեւին.– “Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտէսներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի”

Հայաստանի Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան արձագանգած է Ազերպայճանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններուն, թէ Հայաստանի հետ սահմաններու ճշգրտման գործընթացին մէջ հիմք կ՚ընդունին 1918 թուականի եւ մինչեւ 1991-ի Խորհրդային Միութեան փլուզումը եղած բոլոր քարտէսները, եւ թէ 1918-20 թուականներու որոշ քարտէսներով Երեւանը, Սիւնիքը իբր թէ Ազերպայճանին մաս կը կազմեն: Ստորեւ՝ «Արմէնփրէս»-ի հարցումն ու ՀՀ ԱԳ նախարարին պատասխանը.-

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ապրիլ 29-ին յայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կ՚ընդունեն 1918 թուականի եւ մինչեւ 1991թ. Խորհրդային Միութեան փլուզումը եղած բոլոր քարտէսները, եւ թէ 1918-20 թուականների որոշ քարտէսներով Երեւանը, Սիւնիքը իբր  թէ Ադրբեջանի կազմում են: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս յայտարարութիւնները:

– Մենք քարտէսների ուսումնասիրութիւններին դէմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակուել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծուած, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծուած, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ Ա. դարում ստեղծուած, կամ Կլավդիոս Պտղոմէոսի կողմից արդէն Քրիստոսից յետոյ 2-րդ դարում ստեղծուած,  կամ նոյն ժամանակահատուածում Պլինիոս Աւագի կողմից ստեղծուած քարտէսներից եւ շարունակել հետագայ ժամանակաշրջանների բազմաթիւ լատինական, բիւզանդական, արաբական եւ այլ աշխարհագրական նկարագրութիւններով եւ քարտէսներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտէսներում չգտնելու մտավախութիւն չունի:

Այնուամենայնիւ, շահագրգռուած լինելով ապագայ սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան յանձնաժողովի արդիւնաւէտ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետութիւնը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնուի երկու կողմից ընդունուած, իրաւական ուժ ունեցող քարտէսների վրայ։