Ուքրաինայի Ռատան (խորհրդարանը) թուիթիրեան պաշտօնական իր էջին՝ բութամատը վեր émoji-ով մը (այսինքն՝ ողջունելով) արձագանգած է Արցախի մէջ ազէրպայճանական նոր յարձակումներուն, եւ այն ալ՝ կեղծ, չստուգուած լուրի մը հիման վրայ։
Արդարեւ, Ռատայի գրառման մէջ նշուած է.- «Ազէրպայճանի բանակը յարձակման անցած է Ղարաբաղի մէջ, օգտուելով Ռուսաստանի՝ իր զինուորները Ուքրաինա փոխադրելու հանգամանքէն»:
Այս տեղեկատւութեան որպէս աղբիւր՝ Ռատան յղում կատարած է թելեկրամեան «Новини Збройних сил» («Լուրեր՝ Զինուած ուժերէն») ալիքին, որ սակայն, այդ լուրը արդէն ջնջած է իր լրահոսէն, անկասկած չկարենալով հաստատել տեղեկութեան իսկութիւնը։
Երեւանի աւագանիի անդամին դիպուկ հակազդեցութիւնը
Արձագանգելով երեւոյթին՝ Երեւանի աւագանիի (քաղաքապետական խորհուրդ) անդամ Իզաբելլա Աբգարեան Դիմագիրքի իր էջին գրած է.
«Ուկրաինայի Ռադայի այլանդակ թուիթը, որով ողջունում էին Ադրբեջանի կողմից Արցախում Ռուսի դէմ նոր ռազմաճակատ բացելը առաջին հերթին վիրաւորանք էր այդ երկրում ապրող հայ համայնքին, որի ներկայացուցիչները նոյնպէս զէնքը ձեռքին պաշտպանում են Ուկրաինան: Բայց առաւել զզուելին ոչ թէ իրենց քաղաքական մարմինի՝ պառլամենտի արածն է ինձ համար, այլ այնտեղ եւ այլ աղբիւրներում սովորական Ուկրաինացիների ցնծութիւնը: Պատերազմի արհաւիրքները սեփական մաշկի վրայ զգացող մի ժողովրդի ներկայացուցիչներ ցնծում են այլ տեղում խաղաղ գիւղերի վրայ յարձակման համար: Ստեղնաշարային մարտիկներ են, որոնք իրենց երկրում պատերազմն էլ են նայում կինոյի պէս՝ սեփական «թանկ» կարծիքը դէս ու դէն գրելով: Բա հո չե՞ն գնայ կրակի տակ մտնեն: Ռազմի դաշտում ինտերնետը լաւ չի բռնում»: