«Արմէնփրէս» ընդարձակ հարցազրոյց մը կատարած է Ուքրաինայի մէջ ՀՀ դեսպան Վլատիմիր Կարապետեանի հետ։ Վերջինս մանրամասնութիւններ հաղորդած է Ուքրաինայի իրադարձութիւններուն եւ մասնաւորաբար ՀՀ դեսպանութեան աշխատանքներուն վերաբերեալ։
Ստորեւ՝ հարցազրոյցէն հատուած մը.-
– Ի՞նչ է անում դեսպանութիւնը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։
– Դեսպանութեան ողջ անձնակազմը մշտական, շուրջօրեայ կապի մէջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատուական օգնութիւն Ուքրաինայից Հայաստան մեկնելու ուղիների եւ հնարաւորութիւնների վերաբերեալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:
Դեսպանութիւնը, իր համեստ կարելիութիւնների սահմանում, Ուքրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, ովքեր ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշուի առնել կարեւոր մի հանգամանք. Ուքրաինայում բնակւում է մի քանի հարիւր հազար հայ եւ նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնէք, թէ դեսպանութիւնը Քիեւում ինչ ծանրաբեռնուածութեամբ է գործել․ անդադար հեռախօսազանգեր (պատասխանել ենք մի քանի հազարի հասնող զանգերի), քաղաքացիների տասնեակ այցելութիւններ ու օժանդակութեան դիմումներ։ Որեւէ դեսպանութիւն, ոչ թէ մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ աւելի մեծ, չունէր այն ծաւալի ծանրաբեռնուածութիւնը, որքան ունեցել է մեր դեսպանութիւնը` նկատի առնելով համայնքի մեծ թիւը եւ դիմումների քանակը։
Եւ ամբողջ այս աշխատանքը կատարուել է պատերազմական իրավիճակում․ օրուայ ընթացքում 10-15 անգամ հնչող օդային տագնապի ազդանշանների, պայթումների, կրակոցների, խստագոյն պարէտային ժամի պայմաններում։ Դեսպանութեան դիւանագէտներից երկուսը պատերազմի առաջին օրերից սկսած գիշերել են ապաստարաններում, պատսպարուելով շուրջբոլորը տեղի ունեցող պայթումներից ու կրակոցներից եւ յաճախ հէնց ապաստարանից շփուել են մեր հայրենակիցների հետ, ընդունել զանգեր ու տուել խորհուրդներ։
Այսօր էլ դեսպանութիւնը շարունակում է իր ծառայութիւնը՝ տրամադրելով թէ՛ խորհրդատւութիւն եւ թէ՛ համապատասխան դէպքերում ՀՀ վերադարձի վկայականներ այն քաղաքացիներին, որոնք չունեն այս պահին վաւերացուած ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Ուքրաինայի սահմանը հատելու համար: Դեսպանութիւնը, հնարաւորութեան սահմաններում, նաեւ օժանդակում է տարատեսակ բարդ իրավիճակներում յայտնուած ՀՀ քաղաքացիներին:
Յատկապէս ուզում եմ նշել ԱԳՆ ղեկավարութեան հոգատար վերաբերմունքը բարդ վիճակում յայտնուած մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս օրերին մեր ԱԳՆ-ից ստացած բոլոր հրահանգների միակ ուղղութիւնն ու նպատակը մեր քաղաքացիներն են, եւ նրանց պատշաճ օգնութիւն տրամադրելու միջոցները։
– Քանի ՀՀ քաղաքացի կայ Ուքրաինայում. արդեօք աջակցութիւն ցուցաբերւո՞ւմ է նաեւ Ուքրաինայի քաղաքացի հայերին:
– Յստակ թիւը հնարաւոր չէ ասել, քանզի քաղաքացիների միայն չնչին մասն է հիւպատոսական հաշուառում անցնում, որը կամաւոր գործընթաց է:
Ինչ վերաբերւում է Ուքրաինայի քաղաքացի հանդիսացող Հայերին, պէտք է նշենք, որ զանգերի զգալի մասը ստանում ենք նաև Ուքրաինայի քաղաքացիներից: Ցանկանում եմ յիշեցնել ՀՀ ԱԳՆ յայտարարութիւնը, որ Հայաստանը պատրաստ է հիւրընկալել Ուքրաինայից ժամանող Հայերին։ Մենք նաև պատրաստ ենք ՀՀ սահմանը հատող Ուքրաինայի քաղաքացիութիւն ունեցող անձանց տրամադրել անհրաժեշտ օգնութիւն՝ անկախ նրանց ազգութիւնից: